Եթե «ՔՊ» -ն միայնակ շատ քվե հավաքի, ես մաս չեմ կազմի այդ ուժին. Արամ Սարգսյան (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ապագայում կարող են հանդես գալ մեկ միասնական թիմով: «Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն: Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից»,-ասաց նա՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին: Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կարողանա շատ քվե հավաքել, ապա ես անձամբ դեմ կլինեմ մաս կազմել մեծ ուժի, նշում է Արամ Սարգսյանը: «Զուտ պաշտոնի դաշինք չենք կազմի ՔՊ-ի հետ: Եթե մեր ժողովուրդն ամբողջությամբ աջակցի «Քաղաքացիական պայմանագրին» և տա մեծամասնություն, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն, այստեղ դաշինքի խնդիր չկա: Եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբել, և մեծամասնություն ձևավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որոնք նույն գաղափարներն ունեն, համագործակցություն կծավալեն»: Ըստ Արամ Սարգսյանի, ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու դեպքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասնական կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ելք» դաշինքը գոյություն ունի եւ գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը գործում է, իսկ նոր խորհրդարանում հանդես կգա՞նք նոր դաշինքով թե ոչ՝ կորոշի ժամանակը, հայտարարեց Արամ Սարգսյանը: