Live. «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին (տեսանյութ)
Էրեբունու թանգարանին հարող տարածքում անցկացվում է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի հանրահավաքը, որին, ինչպես և իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրազեկել էր, մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրահավաքն սկսվեց հենց վարչապետի ելույթով։ Վարչապետը շնորհավորեց ժողովրդին քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ։ Վարչապետը հայտարարեց, որ սեպտեմբերի 23-ի ընտրությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն է։ «ՀՀ քաղաքացին պետք է հաստատի այն հաղթանակը, որ տարել է Հանրապետության հրապարակում»,- նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրն այն չէ, թե կընտրվի՞ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, այլ այն՝ կվերահաստատի՞ ժողովուրդն իր հաղթանակը տեղամասերում։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են վերահաստատել հեղափոխության հաղթանակը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայկ Մարությանն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ դրված էր հեղափոխության հաղթանակի հիմքում։ Հենց Հայկոյի օրինակով է, որ ապացուցվում է, որ հարստանալու հիմքում աշխատանքն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի։ Վարչապետն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին։ «Իմ քայլի» ջախջախիչ հաղթանակը վերջնականապես կլուծի հակահեղափոխական կոչվածների հարցերը։ Վարչապետը վերահաստատեց այն պնդումը, որ ինքն ու իր թիմը երբեք կառչած չեն լինելու իշխանությունից։ Երբ ժողովուրդը չցանկանա, որ ինքը լինի վարչապետ, 15 րոպե անց ինքը հրաժարական կտա։ Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց, որ սեպտեմբերի 23-ին 23-ամյա ընդմիջումից հետո ունենալու ենք բացառիկ ընտրություն,երբ ընտրողի քվեն ոչ ոք կեղծելու իրավունք չի ունենալու։ Եվ դա հնարավոր է դարձել ժողովրդի շնորհիվ, ժողովրդական հեղափոխության շնորհիվ։ Հայկ Մարությանը քայլ առ քայլ ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը։ Առաջին քայլն այն է, որ հանրային նշանակության խոշոր հարցերը լուծվելու են տեղական հանրաքվեների միջոցով։ Քայլ 2-րդ՝ քաղաքային տրանսպորտի աշխատանքը պետք է կազմակերպվի այնպես, որ չոտնահարվի քաղաքացիների արժանապատվությունը։ Ներմուծվելու է միասնական տրանսպորտային տոմսի գաղափարը։ Հաջորդ քայլն աղբահանությունն է։ Հայկ Մարությանն ասաց, որ ամոթալի է 21-րդ դարի համար աղբահանության այն վիճակը, որ ունենք այսօր։ Պատճառն, ըստ քաղաքապետի թեկնածուի, մենաշնորհն է, և ինքը կապահովի աղբահանության 2-րդ օպերատորի մուտքը շուկա։ Բարեփոխումներ են ծրագրվում համատիրությունների ձևավորման կարգում և այդ ծիրում՝ վերելակների հետ կապված խնդրում։ Առանձնահատուկ ուշադրություն է խոստացվում մանկապարտեզների նկատմամբ։ Պոլիկլինիկաները Հայրենական պատերազմի տարիների տպավորություն են թողնում։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն խոստացավ, որ պոլիկլինիկաների շենքը վերանորոգվելու են, համակարգում ներգրավվելու են բարձրակարգ մասնագետներ։ Այս հարցում նախատեսվում է գործակցություն առողջապահության նախարարության հետ։ Բնապահպանության և կանաչապատման ոլորտում ևս լուրջ անելիք կա։ Մարությանն ու իր թիմը նախատեսում են ոռոգման համակարգ անցկացնել ամբողջ քաղաքում՝ նոր կանաչապատ տարածքներ ստեղծելուց առաջ։ Նախատեսվում է 5 տարում տնկել 500 000 ծառ։ Քաղաքապետի ընտրություններում հաղթելուց հետո «Իմ քայլը» խոստանում է մայրաքաղաքը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը խոստացել է քարոզարշավային ամեն օրը նվիրել մեկ վարչական շրջանի։ Դաշինքի թեկնածուներն ամեն օր կքայլեն մեկ վարչական շրջանի փողոցներով,կպատասխանեն տվյալ շրջանի բնակիչների հարցերին։