Ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի նախարարները ու մարզպետները կազատվեն աշխատանքից, -ԱԺ-ի դիմաց հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Այսօր պետք է խոսենք քաղաքական իրավիճակի մասին: Երեկ եւ այսօր Հանրապետական, ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակել: Մեր առաջին քայլը սա է. ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների անդամ նախարարներն ու մարզպետները կարող են արդեն իսկ իրենց ազատված համարել»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նաև հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, հավելելով, որ ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն: Նա ասաց, թե ինչու են անհրաժեշտ խորհրդարանական ընտրությունները. «Գործող խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ իրավունք չունի ներկայանալ: Այս խորհրդարանը ընտրվել է ընտրակաշառքների, ճնշումների, վարչական լծակների գործադրման արդյունքում: Այս խորհրդարանի լուծարումը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերջնական ազատագրումը»: Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այս խորհրդարանը մերժված է հայ ժողովրդի կողմից. «Ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող խորհրդարան, որին ընտրել է ժողովուրդը իր ազատ քվեով»: Փաշինյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում: Ամենաթեժ պահին ասացին, որ երեխա է կորել: «Երեխան հարազատների միջավայրում է, ինչու պետք է կորի»,-ասաց Փաշինյանը: Ապա` Լևոն անունով երեխային ասաց, որ իրեն մոտենա, որպեսզի ծնողը գտնի նրան: