Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքները

Պաշտոնական
ashot

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին: Հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ կոմիտեն ստացել է մոնիթորինգ եւ հսկողություն իրականացնելու գործիքակազմ: Այն իրավասու է լիարժեք տեղեկատվություն ստանալ եւ հարցադրումներ ուղղել Եվրոպական հանձնաժողովին ու եվրոպական ինստիտուտների այլ ղեկավարներին: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում նիստում ընդունվել է եզարափակիչ հայտարարություն, որը մանրամասն անդրադառնում է Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրներին: Ըստ զեկուցողի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներում ներառված են խնդրի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների տեսակետները,  ընդգծվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթղում կոչ է արվում նաեւ բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանությանը, գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների վրա դնելով պատասխանատվություն՝ խաղաղ նախընտրական արշավ իրականացնելու հարցում ապահովել թափանցիկ, արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար: Հայտարարության մեջ կոչ է արվում ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուժողականություն եւ բռնություն քարոզելուց, ինչպես նաեւ չխաթարել երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը: Կարեւորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները:  Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: