Փաշինյանը հանդիպեց Ապրիլյան պատերազմի մասնակից ցուցարարներին (տեսանյութ)
2016թ–ի ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներն այսօր առավոտից ակցիա էին անում։ Նրանք պահանջում են իրենց զինվորական գրքույկներում նշումներ ավելացնել ապրիլյան պատերազմին մասնակցության մասին, ինչպես նաեւ սահմանել բուժծառայություններից օգտվելու արտոնություններ եւ զեղչել ուսման վարձերը։ Նրանց խնդրին նոր կառավարությունը խոստացել էր անդրադառնալ դեռեւս օգոստոսին, բայց, ըստ մասնակիցների՝ փոփոխություն դեռեւս չկա։ Երեկոյան նրանց հաջողվեց հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը վստահեցրեց՝ համապատասխան օրինագիծը շրջանառության մեջ է։ Ակցիան նախաձեռնած «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ղեկավար Մանուել Մանուկյանը հակադարձեց՝ նշելով. «Մեզ տեղյակ չեն պահել: ՊՆ-ում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ հարցը մեզ կներկայացնեն: Սակայն իրենք կապ չեն հաստատել»: Մանուկյանը մանրամասնեց, որ զինգրքույկներում մի մասի մասնակցությունը նշվել է, մի մասինը՝ ոչ: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ հարցով զբաղվել է նախկինում: «Ինձ ասել են, որ նրանք, ովքեր մարտական գործողություններին մասնակցել են, նրանցը նշվում է, ովքեր մարտական գործողություններին չեն մասնակցել, նրանցը չի նշվում»: «Այս հարցի կապակցությամբ նոր կարգ է մշակվել: Հիմա շրջանառվում է կառավարությունում, որով բոլոր խնդիրները բավարարվելու են»,- ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Եզրափակիչ հարցին, թե երբ պատասխան կստացվի՝ ինչ փուլում է նախագիծը, Սարգսյանը պատասխանեց, որ արդեն հաջորդ շաբաթ հարցը կհայտնվի կառավարության նիստի օրակարգում: