Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՉՈՒՆԵՆ

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնին երեւանյան երկու կինոդահլիճներն առավոտյան ժամը 10-ից դատարկ չեն մնում. գրեթե բոլոր գեղարվեստական ֆիլմերի դիտմանը հանդիսատեսի բավականին մեծ հոսք կա: Բացառություն են կազմում միայն վավերագրական ֆիլմերը, որոնց դիտումներն հիմնականում անցնում են կիսադատարկ դահլիճներում կամ հաշված մարդկանց ներկայությամբ:

«Մեղքս ինչ թաքցնեմ, եղել է նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ միտումնավոր չեմ թողել մարդկանց գեղարվեստական ֆիլմերի դիտմանը՝ պատճառաբանելով, որ այլեւս տեղեր չկան ու արգելված է ավելորդ մարդ ներս թողնել կինոդահլիճ: Նրանց առաջարկել եմ գնալ փոքր դահլիճ՝ վավերագրական ֆիլմ դիտելու: Երբեմն հաջողվել է ինձ համոզել նրանց, իսկ ավելի հաճախ՝ ոչ: Երբեմն էլ նույնիսկ չեմ ասել, որ վավերագրական ֆիլմեր են դրանք, այլ սկսել եմ գունավոր ներակայացնել նրանց բովանդակությունը, որ գոնե այդպես գնան դիտմանը»,- ասում է կինոդահլիճներից մեկի հսկիչ մի կին:

Մեզ հաջողվեց զրուցել հենց այդ պահին փոքր կինոդահլիճից դուրս եկող մի երիտասարդի հետ, որը ֆիլմի միայն կեսն էր հասցրել դիտել: Հետաքրքրվեցինք՝ արդյոք ֆիլմն ավարտվե՞ց եւ ի՞նչ տպավորություններ ստացավ: Նա պատասխանեց, որ իր ընկերոջ խորհրդով էր եկել դիտելու ֆիլմը, սակայն հիմա, նրա վրա լավ բարկացած, գնում է կռվելու: «Ինչու՞»,- հարցրինք: «Ինձ ասաց, որ աննկարագրելի զգացողություններ կստանամ, որ տպավորությունները կլինեն անմոռանալի: Սակայն, քունս տարավ ու մինչեւ վերջ չկարողացա մնալ: Ոնց որ լուրերի ռեպորտաժ լիներ»,- պատասխանեց Գարիկը, որը ԵՊՀ փիլիսոփայության բաժնի ուսանող է: Հետո նկատեցինք, որ նա արագ քայլերով մտավ մեծ դահլիճ, որտեղ գեղարվեստական ֆիլմ էր ցուցադրվում:

Ի դեպ, այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի ռեժիսորների վավերագրական ֆիլմեր: Օրինակ՝ նորվեգացի ռեժիսոր Լոմի «Լարի վրա» ֆիլմի դիտմանը հազիվ 10 հանդիսատես կար, որոնցից 2-ը ֆիլմի կեսից լքեցին դահլիճը: Մինչդեռ ռեժիսորը դիտման թե սկզբից, թե ավարտին բավականին հետաքրքրիր մանրամասներ էր պատմում ֆիլմի ստեղծման աշխատանքներից ու հերոսներից: Ֆիլմը որբանոցում ապրող լարախաղաց երեխաների հուզիչ ճակատագրի մասին էր:

Ի դեպ, թե այս, թե մյուս վավերագրական ֆիլմերի ցուցադրման մուտքն ազատ էր: Հետաքրքրվեցինք՝ արդյոք նա չի՞ նեղանում հանդիսատեսից նման վերաբերմուքի համար, նա պատասխանեց. «Ճիշտն ասաց, ոչ, որովհետեւ նման ֆիլմերի ցուցադրմանը պետք է ներկա լինեն միայն բանիմաց մարդիկ եւ վավերագրական ֆիլմերի կամ գիտակները, կամ այդ արվեստն իսկապես գնահատողները: Գիտեք՝ բոլոր երկրներում է այդպես, միայն այստեղ չէ: Այդ պատճառով ոչ մեկից էլ չեմ նեղանում եւ, ի վերջո ճշմարիտ արվեստը բոլորը չէ, որ պետք է հասկանան»: