2018-ը շրջադարձային էր մեր պատմության համար. Գարիկ Քեռյան
«2018-ը, իսկապես, մեր պատմության մեջ կնշանավորվի որպես շրջադարձային տարի, ինչպես 1988-ն ու 1991-ը. ,-այս բնորոշմամբ տարվա ամփոփումը սկսեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, -մի դեպքում Արցախյան շարժման վերելքով, մյուսում անկախության, իսկ ներկայումս՝ թավշյա հեղափոխության հաղթանակով։ Թերևս, անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին իշխանափոխությունն էր։ 1998թ. իշխանափոխությունը, ըստ էության, տեղի ունեցավ վերնախավային խմբավորումների տեղափոխելիության տեսքով. ակնհայտ էր ընդգծված տարբերություն՝ հատկապես Արցախյան հակամարտության նկատմամբ ունեցած դիրքորոշման վերաբերյալ»։ Քաղաքագետը թավշյա հեղափոխության կարևորագույն շարժառիթ է համարում երկու տասնամյակ շարունակ հասարակության մեջ կուտակված դժգոհությունները՝ կապված կոռուպցիոն գործընթաների, սոցիալական խնդիրների, պետական կառավարման ոչ արդյունավետ մեթոդների, սոցիալական անհավասարության, քաղաքական համակարգի բյուրոկրատացման և անարդարության զգացումի հետ, և երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր պաշտոնավարման երրորդ ժամկետի մասին, հասարակական դժգոհությունը պոռթկաց և ընդդիմությունն օգտվեց այս առիթից։ Ըստ Քեռյանի, եթե 1998թ. իշխանափոխության ժամանակ պարզապես մի վերնախավային քաղաքական խմբավորումը փոխարինվեց մյուսով և քաղաքական էլիտան մնաց անփոփոխ, ապա 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո վերջինս էականորեն փոխվեց. «Ղարաբաղյան շարժման հրամանատարների, վարչապետի, նախագահի փոխարեն քաղաքական էլիտա են մուտք գործում գործիչներ, որոնց քաղաքական դիմագիծը կապված չէ Արցախյան հարցի հետ»։ Պրոֆեսորը քաղաքական տարին կարևորեց նաև կառավարման խորհրդարանական համակարգի առկայության պայմաններում տեղի ունեցած առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ բացասական համարելով դրանց ռեյտինգային ընտրակարգով անցկացման փաստը։ Անդրադառնալով արտաքին քաղաքականության շուրջ ծավալված դիսկուրսին՝ քաղաքագետը նշեց, որ չնայած նորընտիր իշխանությունների նախկինում ունեցած արևմտամետ դիրքորոշմանը՝ հիմնականում պահպանվեց նախորդ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսը։ Այնուամենայնիվ տեղի ունեցան որոշակի վայրիվերումներ՝ կապված ներքաղաքական խնդիրների հետ. Խաչատուրովի ձեռբակալությունը, մի շարք քրեական գործերի վերհանումը։ Նոր իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը քննադատությունների արժանացավ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշման հետևանքով. «Իհարկե, նոր իշխանությունները նորից կրկնեցին այն, ինչ ասում էին հին իշխանությունները. որ պետք է հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նորությունն այն էր, որ վարչապետն ազդարարեց Արցախին բանակցային գործընթացների սեղանին բերելու հարցը։ Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ հայտարարությամբ խախտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սահմանած ձևաչափը։ Ադրբեջանը կուլ չի գնա այս հայտարարությանը»։ Քեռյանն ընգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի մեղքով չէ, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից. սա եղել է բանակցող կողմերի պահանջը։ Անդրադառնալով տարեվերջին՝ արձանագրեց, որ ամենաբացասականը, թերևս, գազի հավանական թանկացման փաստն է, իսկ համատարած մտահոգությունը՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետ փարատվում է Պուտին-Փաշինյան պարբերաբար հանդիպումների անցկացման միջոցով։