ԵՄ-Իրան հարաբերությունները բարդ են եւ բազմաշերտ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում իրանական հետախուզության և Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր հարձակումներ են ծրագրել Դանիայում և Ֆրանսիայում: Չնայած նրան, որ պաշտոնական Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները, այնուամենայնիվ պատժամիջոցների մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: Իրանագետ Արմեն Իսրայելյանը նշում է, որ միջուկային համաձայնության շրջանակում Իրանը եւ ԵՄ-ն շարունակում են համագործակցությունը: «Նույնիսկ նախօրեին իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ որոշակի համաձայնություն կա Իրանի եւ ԵՄ-ի միջեւ ֆինանսական փոխանցումներ իրականացնելու: Վերջին շրջանում Իրանը Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ բանակցում էր միջնորդավորված բանկի միջոցով ֆինանսական փոխանցումներ կատարելու»: Իրանը ամեն դեպքում փորձում է առեւտրային կապեր ստեղծել արեւելյան երկրների հետ, նշում է իրանագետը եւ ավելացնում՝ նաեւ ջանքեր է գործադրում ԵՄ երկրների հետ համագործակցությունը չթուլացնելու համար: «Ճիշտ է՝ հիմա նրանց համագործակցությունն այդքան արդյունավետ չէ, բայց Եվրոպական երկրները կողմ են շարունակելու Իրանի հետ միջուկային համաձայնությունը, եւ գործընթացը դրական հունով է ընթանում»,-եզրափակեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: