ԹԱՏՐՈՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՀՈՎԱՆԱՎՈՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Հանդիսատես կա, լավ ներկայացում չկա: Լավ ներկայացումը միշտ էլ հանդիսատես ունի»,- «Ա1+»-ին այսպես մեկնաբանեց որոշ թատրոններում ներկայացումների ժամանակ հանդիսատեսի պակասը «Մետրո» թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանը:
15 տարի առաջ ստեղծված այս թատրոնի դահլիճի նորոգման կարիք ունի: Պետք է լուծել դահլիճի լուսավորության, դահլիճի եւ բեմի գորգերի խնդիրները: Սակայն պետական որեւէ աջակցություն թատրոնը չի ստանում, միայն բարերարների եւ տոմսերի վաճառքից գոյացած գումարից նրանք կարողացել են նորոգել թատրոնի մի մասը:
«Մենք նաեւ մեր գումարներն են ներդնում ներկայացումներ բեմադրելու համար, սակայն հարց է, այդ գումարը դուրս կգա՞, թե՞ ոչ»,- պատմում է Կարեն Միրաքյանը: Միաժամանակ նշելով, որ իրենք սիրում են թատրոնը, դրա համար էլ ներդրում են կատարում. «Եվ կապ չունի գումարը կվերադառնա, թե՝ ոչ»:
Թատրոնում ներկայացումները կազմակերպվում են թե մեծերի եւ թե փոքրերի համար:
Տնօրենը նշում է, որ ներկայացումների ժամանակ իենց դահլիճը լեփ-լեցուն է լինում, որովհետեւ չվաճառված տոմսերը հրավիրատոմսերի ձեւով իրենք նվիրում են մանկատներին, ծերանոցներին, զինվորներին:«Զինվորը կամ մանկատան սանը ցանկանում է ներկայացում դիտել, սակայն գումար չունի, մենք այդ կերպով ցանկանում ենք օգնել նրանց»,- ասում է Կարեն Միրաքյանը:
Ի դեպ, եթե հովանավոր գտնվի, թատրոնը պատրաստվում է այս տարի նշել իր հիմնադրման 15 տարին: