ՄԱԵՍՏՐՈՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱԵՍՏՐՈ
«Շատ մտահոգված եմ Հայաստանի ապագայի համար: Աստված տա, ուզում եմ, որ Հայաստանի վիճակը լավանա, ժողովրդի վիճակը լավանա, դառնա ավելի կիրթ»,- մեզ հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը: -Դժբախտաբար, վախենում եմ խոսքեր ասել, որոնք շատ դառը կթվան: Հիմա Հայաստանը թալանչիների, ստախոսների, խաբեբաների երկիր է: /Ներողություն, ձեզ հանում եմ դրանց թվից/: Այսօր աշխարհն է դրա մասին խոսում: Եվ դա մեզ պատիվ չի բերում: Ու դա պետք է փոխել: Ես, կարծեմ թե, մոտ երկու շաբաթից խոսելիք եմ ունենալու»:
Մաեստրոն Հայաստանի վիճակի մասին իր մտահոգությունն արտահայտելիս հուզվեց:
Իսկ մեր հանդիպման առիթը մաեստրոյի ծննդյան 85 ամյակն է:
Աշխարհում լավագույն դիրիժորների եռյակում գտնվող մաեստրոն այսօր վայելում է իր արվեստի սիրահարների սերն ու համակրանքը: Իսկ նրա արվեստը ավելի շատ գնահատում են, ցավոք, Հայաստանի դուրս: Այսօրվա Հայաստանից:
Օհան Դուրյանին համեմատում են Նիկեշի, Բերնստայնի, Ստակովսկու հետ: Եվրոպացի արվեստաբանները ու քննադատները նրան անվանել են Արեւելյան Եվրոպայի Տոսկանինի: Իսկ Բրուկների սիմֆոնիայի Մաեստրո Դուրյանի մեկնաբանությունը աշխարհի արվաստաբանները համարել են անգերազանցելի:
Նա ղեկավարել է աշխարհի 120 նվագախմբեր: Իսկ այժմ Մոսկվայի «Ստաս Նամի»-ի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
Բացառիկ ունակությունների տեր այս մարդուն կարելի է համարել աշխարհի քաղաքացի, արվեստի դեսպան: Անսահման բարեկրթությամբ այս հային պետք է արժանին մատուցի ապագան, որովհետեւ նա իր արվեստով աշխարհում տարածել է հայի գենետիկ կոդի իրական պատկերը:
Եվ փառք աստծո, որ մեզ աշխարհում ճանաչում են նաեւ Դուրյանով:
Նա կերտել է արվեստի մի պատմություն, որով հարստացրել է համաշխարհային դասական արվեստի գանձանակը:
Հրաշագործ, ում մատներից ծորում է երաժշտություն, էներգիա, արվեստ, կյանք:
Մաեստրոյի արվեստի սիրահարները սփռված են աշխարհի տարբեր երկրներում, նա իր երաժշտությամբ գերել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը:
Մեծ հայ: Մեծ մարդ, Մեծ արվեստագետ: Ծնունդդ շնորհավոր, մաեստրո:
ԼԱՅՊՑԻԳԸ ԿՆՇԻ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԾՆՈՒՆԴԸ
Նրա արվեստի երկրպագու, Դուրյանների ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում նշվելու է մաեստորոյի 85- ամյակը:
Մեծ հանդիսություններ են կազմակերպված. միջոցառումների շարքը սկսվել է մայիսի 19-ից, իսկ սեպտեմբերի 15-ին պետք է լինի վերջնական ակկորդը: Միջազգային ամենանշանավոր նվագախմբի՝ «Եվհանթաուսի» երաժիշտները եւ մաեստրոյի արվեստի երկրպագուները կազմակերպել են մեծ հանդիսություն, որին հրավիրված է , բնականաբար, նաեւ Օհան Դուրյանը: Սակայն նրա վատառողջության պատճառով մաեստրոյի այցը Լայպցիգ կհետաձգվի մինչեւ 2008թ., իսկ այդ ժամանակ, հուսանք, նա ոչ թե միջոցառման կմասնակցի, այլ կղեկավարի համերգը:
«Ոչ ոք նրանց չի խնդրել նման միջոցառումներ կազմակերել, իրենք իրենց նախաձեռնությամբ են կազմակերպել հոբելյանական նման միջոցառումներ: Ի դեպ, լույս է տեսել նաեւ մաեստրոյի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող գերմաներեն գիրք: Իսկ քաղաքապետարանի որոշմամբ հուշաքար պետք է փակցվի Լայպցիգում ի պատիվ մաեստրոյի»,- տեղեկացրեց Վահան Վարդապետյանը, որին էլ պատիվ է վիճակված մասնակցել այդ միջոցառումներին:
Նկատենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ նաեւ նկարահանվել է «Խոր զգացմունքների մասնագիտություն՝ Օհան Դուրյան» ֆիլմ: 52 րոպե տեւողությամբ ֆիլմում, որի հեղինակներն, ի դեպ, ռուսներ են, ռուս ամենահեղինակավոր դիրիժորներն ու կոմպոզիտորները խոսում են մաեստրոյի արվեստից: «Սա մի փոքրիկ փորձ է ողջ կյանքն ու գործունեությունը ի մի բերելու»,- ասում է Վահան Վարդապետյանը, որը մեծ աջակցություն է ցուցաբերել ֆիլմի ստեղծմանը: Ֆիլմը հայկական հեռուստատեսությամբ չի ցուցադրվի: Այն սեպտեմբերի 8-ին կհեռարձակվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերությամբ:
Իսկ որպես վերջ արժե նշել, որ վատառողջ մաեստրոյին իր հիվանդության ու ապաքինման ընթացքում այցելել են բազմաթիվ մարդիկ, քաղաքական ու հասարակակն գործիչներ, արվեստագետներ ու նրա արվեստի սիրահարներ, բայց ոչ ՀՀ իշխանության ներկայացուցիչներ: Նրա առողջությամբ պետական մակարդակով հետաքրքրվում է միայն մշակույթի նախարարությունը:
ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ