ՔՈՒՅՐԵՐԸ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայկական շոու-բիզնեսում առաջատարները ռաբիս եւ էստրադային երգիչներն են, իսկ մյուսները կամ «կլասիկա» են, կամ էլ` լավ չեն աշխատում»,-այսպես է մեկնաբանում երգարվեստի ներկայիս վիճակը ձայներիզների կրպակի վաճառող 34-ամյա Վարդանը եւ հավատացնում, որ շոու-բիզնեսից հասկանում է ավելին, քան հայտնի պրոդյուսերները, քանի որ ամեն օր տեսնում է պահանջարկը:
Իսկ «Ա1+»-ի այն հարցին, թե ո՞րն է շոու-բիզնեսում «կլասիկան», նա պարզաբանում է. «Դե, օրինակ` Անուշ եւ Ինգա Արշակյանները, հենց դրեցի Մոցարտի ու Բախի ձայներիզների շարքում, շուտ առան»:
Այն, որ Անուշ եւ Ինգա Արշակյանները ինտերնետի ռեյտինգային կայքերում առաջատար են եւ տարբեր ֆորումներում քննարկում են նրանց ամեն մի ելույթը, զարմանալի չէ: Նորություն է այն, որ օրինակ` Youtube-ի վիդոների շարքում նրանց «Թամզարա»-ի կարճ տարբերակը նույն այցելուների քանակն ու ռեյտինգն ունի, ինչ Իրանի նախագահի ելույթը:
Իսկ ահա երեւանյան 12 ձայներիզների խանութներին ուղղված մեր հարցման արդյունքում պարզվեց, որ Ինգա եւ Անուշ Արշակյանների ձայներիզը հիմնականում սփյուռքահայեր են գնում: Հայաստանաբնակները գնում են այն` արտասահմանում գտնվող իրենց հարազատներին ուղղարկելու կամ էլ արտասահմանցիների Հայաստանը ներկայացնելու համար:
«Ա1+»-ը խնդրեց Անուշ եւ Ինգա Արշակյաններին պարզաբանել, թե արդյո՞ք նրանք աշխատում են հատուկ սփյուռքահայ եւ արտասահմանյան երաժշտասերների համար եւ ի՞նչ աշխատանքներ են տարել, որ ինտերնետում նման ռեյտինգի ունեն:
Քույրերից Ինգայի հավաստմամբ` նրանք երգում են բոլորի համար եւ ոչ հատուկ ինչ-որ լսարանի: Նա նաեւ գտնում է, հանդիսատեսը իրավունք ունի գնահատելու, ընդունելու, սիրել-չսիրելու ցանկացած երաժշտություն:
«Մեր մենահամերգին եկել էին 5 տարեկանից սկսած տարբեր տարիքային խմբի մարդիկ, ինչը ուրախալի է»,-«Ա1+»-ին ասաց Ինգան եւ ավելացրեց, որ «լավ երաժշտությունը, լավ հնչողությունը չի կարող չընկալվել, ինչպիսին էլ այն ներկայանա»:
Ինգայի խոսքերով` իրենք հատուկ ոչինչ չեն անում ինտերնետում պոպուլյար լինելու համար եւ իրենց կատարած միակ աշխատանքը իրենց կայքն է լինելու, որը շուտով կգործի(www.Ingaanush.am):
Իսկ թե ինչպես է վերաբերվում Ինգան դեռահասների` «ամեն ինչ ազգայինից բացի» երաժշտական ճաշակին, նա բարի կատակում է. «Մենք էլ ենք այդ տարիքում եղել»: