Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Մշակույթ

Այսուհետ ամեն շաբաթ օր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին հարակից Անգլիական այգում անվճար կարելի է ժողովրդական երգ-երաժշտություն վայելել: Գրական-երաժշտական երեկոները կազմակերպում է այգու տնօրինությունը:

Թեեւ նպատակը հայ երիտասարդներին ազգային երաժշտությանն ու գրականությանը մոտեցնելն է, այս շաբաթ այգում հավաքված 100-ից ավելի մարդկանց մեծ մասը 60-70 տարեկան տարեցներ էին: «Մեր ջահելները չեն հետաքրքրվում մեր ազգային երգ-երաժշտությամբ, բայց եթե էսպիսի երեկոներ հաճախ կազմակերպեն, նրանք էլ կհետաքրքրվեն մեր մշակույթով,- ասում է Արուս տատիկը ու հավելում,- մյուս շաբաթ թոռնիկիս հետ եմ գալու»:

Այս շաբաթ Անգլիական այգում հնչեցին Շիրազի բանաստեղծություններն ու դրանց հիման վրա գրված երգերը:

«Վաղուց պիտի այսպիսի համերգներ կազմակերպեին, որ հայ ազգը մի քիչ ուրախանա»,- ասում է Արտաշ պապիկը, ով իր երկու թոռնիկներին բերել էր այգի` ազգային երգերին ծանոթացնելու:

Համերգը եզրափակեց ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, ում մարդիկ ողջունեցին հոտնկայս: Ասմունքի վարպետը իր ողջույնի խոսքում նշեց. «Կազմակերպված միջոցառման նպատակը մեր երեխաներին մեր գիրն ու գրականությունը վերադարձնելն է: Հայ երեխաները ամենուր պետք է հայերեն խոսեն ու հայերեն մտածեն»:

Անգլիական այգու տնօրինությունը, խոստացավ, որ գրական- երաժշտական երեկոները շարունակական բնույթ են կրելու եւ հրավիրեց հաջորդ համերգին, որը տեղի կունենան հաջորդ շաբաթ, ժամը 17:00-ին: Կազմակերպիչները խոստացան, որ հաջորդ գրական- երաժշտական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կզգա Համո Սահյանի, Գարեգին Նժդեհի եւ գուսան Աշոտի «ներկայությունը»: