ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԱՍՏՂ ԴԱՐՁԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին«Ինքնասիրահարված իշխանությունները իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում»,- սա ոչ թե որեւէ ընդդիմադիր գործչի հայտարություն է, այլ Ռաֆայել Քոթանջյանի բենեֆիս-ներկայացումից մեջբերում: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի 65-ամյակին նվիրված բեմադրությունը, որը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ներկայացնում է մեր այսօրվա իրականությունը:
«Սիրամարգ» կուսակցության անդամ Գալուստը որոշում է առաջիկա նախագահական ընտրություններին որպես իրենց կուսակցության թեկնածու առաջադրել Ազգային ռադիոյի աշխատակցին՝ Տիգրան Հայկի Հայկազյանին, որի միայն անուն-ազգանունը, ըստ Գալուստի, բավական է հարյուրավոր ձայներ հավաքելու համար:
Այնուհետեւ Տիգրանի մոտ է գալիս գողական հեղինակություն Շխոն, ով նրան զգուշացնում է, որ «եթե իրենց կպնի, նախագահ չի դառնա»: «Սրանք են մեր երկրի իսկական տերերը»,- եզրակացնում է Տիգրանը: Նախագահ դառնալու համար նա ստիպված է աջակցել նաեւ համասեռամոլներին ու մարմնավաճառներին: Արդեն նախագահի դառնալու մոլուցքով տառապող Տիգրանը իրեն ներկայացած մտավորականին գումար է տալիս, սակայն վերջինս նրա երեսին է նետում տված փողը եւ արտասանում Նարեկացու «Հայր մերը»:
Ռաֆայել Քոթանջյանը ներկայացման վերջում ասաց, որ իրենք՝ դերասանները, պետք է բարձր լինեն այս ամենից: «Հույս ունեմ, որ մեր վաղվա օրը ավելի լավը կլինի»,- ասաց դերասանը:
Ներկայացման վերջում ՀՀ ժողովրդական արտիստին շնորհավորեցին հարազատներն ու գործընկերներըը:
ԱՄՆ-ից ժամանած Նաիրա Թարզոյանը ամերիկաբնակ երկրպագուների կողմից Ռաայել Քոթանջյանին աստղ նվիրեց: «Աստղը հատուկ դերասանի անունով է գնված, այն գրանցված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, մենք աստղի կոորդինատները փոխանցել ենք նրան, տվյալները տպագրվելու են Շվեյցարիայում լույս տեսնող գրքում»,- «Ա1+»-ին ասաց Նաիրա Թարզոյանը: