«ՀԱՅՖԵՍՏ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 19:00-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից երիտասարդ դերասանները շքերթով կշարժվեն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Առիթը «ՀայՖեստ» թատերական հինգերորդ փառատոնն է, որն անցկացվում է հոկտեմբերի 4-14-ը:
Այս տարի ընդլայնվել է մասնակից երկրների ցանկը՝ 33 երկիր, մասնակիցների թիվը՝ 350, այդ թվում՝ 40 կատարողական խմբեր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեցարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից եւ այլն: Հայաստանից փառատոնին կմասնակցեն 24-ից ավելի թատերախմբեր Երեւանից, Վանաձորից եւ Արտաշատից: Երեւանյան ավելի քան 14 թատերաբեմերում կցուցադրվի 90-ից ավելի ներկայացում:
Փառատոնի բացման արարողությունից անմիջապես հետո կցուցադրվի Ռուսաստանից ժամանած Նատալյա Կասպարովայի պարային թատրոնի «Կոմիտասի երգերը» ժամանակակից պարը:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «ՀայՖեստ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Ասլանյանը՝ այս տարի տեղի են ունենալու նաեւ մանկական եւ տիկնիկային ներկայացումների փառատոններ: «Քանի որ այս տարի կատարողական խմբերը շատ են, «ՀայՖեստ»-ը որոշել ենք կոչել նաեւ «Կատարողական արվեստ»-ի փառատոն: Նախատեսել ենք նաեւ Ազգային պատկերասրահի հետ համատեղ իրականացնել ֆիլմերի ծրագիր, այսինքն՝ կցուցադրվեն թատերական ներկայացումների ֆիլմային տաբերակները: Սա նորություն է: Բաց հասարակության ինստիտուտի արվեստի եւ մշակույթի ցանցային ծրագրի աջակցությամբ տեղի կունենա նաեւ «Նոր դրամա» սեմինարների երկրորդ փուլը»,- նշում է Լիլիթ Ասլանյանը:
Փառատոնի օրերին երիտասարդ արվեստագետներին ու բոլոր մյուս ցանկացողներին հնարավորություն կունենան մասնակացել արտերկրից ժամանած թատերական արվեստի լավագույն մասնագետների կլոր սեղաններին, սեմինարներին, վարպետության դասընթացներին:
Նշենք, որ փառատոնի պատվավոր հյուրերի կազմում է նաեւ Իսպանիայից հրավիված «Ֆիռա տառեգա» կատարողական արվեստի միջազգային փառատոնի նախագահ Մայք Ռիբալտան: