« ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊՈԵԶԻԱ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Դաս Դակումենտարի» թատրոնի «Փշալարերի հետեւում պարողը» վավերագրական ներկայացումը երկրորդ համաշխարհային պատերազմը վերապրած գերմանական կոնցլագերների կալանավորների, վտարանդի աշխատողների ճակատագրերի պատմությունն է: Թատրոնը Գերմանիայից ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Հայ Ֆեստ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնին:
Ներկայացումը Դնեպետրովում ապրող բալետի պարուհի Ալլա Ռակիտյանսկայայի մասին է, որը նույնպես եղել է համակենտրոնցման ճամբարում: Ներկայացման հեղինակները սլավոնական արմատներով Մարինա Շուբարթն ու Նատաշա Բոնդարն են: Նատաշան ռեժիսոր-դերասանուհի է, իսկ Մարինան՝ բալետի պարուհի: Մարինան աշխատում էր նաեւ մի կազմակերպությունում, որը օգնում էր նախկինում համակենտրոնացման ճամբարում գտնվողներին: «Եվ ահա մի օր Մարինան ինձ ասում է՝ արի նրանց կենսագրությունների հիման վրա մի ներկայացում բեմադրենք: Ես միանգամից համաձայնվեցի, ու սկսեցինք դերասաններ փնտրել, թե ով պատրաստ կլինի անվճար խաղալ: Բեռլինում գտանք առաջին 12 դերասաններին, որոնցից ոչ մեկը, ի զարմանս մեզ, չմերժեց: Նրանց թիվն այսօր թատրոնում 40-ի է հասնում»,- պատմում է Նատաշա Բոնդարը:
Կազմակերպությունը, որտեղ աշխատում էր Մարինան ամեն օր արկղերով նամակներ էր ստանում ԱՊՀ տարբեր երկրներում ապրող նախկին ճամբարականներից: «Դրանք բոլորն ուղղակի հնարավոր չէր կարդալ: Բայց հանկարծ բացում եմ մի նամակ եւ այնտեղից դուրս է գալիս բալետի պարուհու մի նկար: Ուրախանում եմ՝ գործընկերուհի է ինձ գտել Դնեպետրովից: Նկարի հետեւում գրված էր Բեռլին 1947թ., Ալլա Ռակիտյանսկայա: Ես սկսեցի կարդալ նամակը: Շատ բարդ կենսագրություն էր: Որոշեցի նրան գտնել ու գնացի նրա մոտ: Նա 78 տարեկան էր, պառկած էր անկողնում, բայց միեւնույն է, միանգամից երեւում էր՝ արվեստի մարդ է»,- պատմում է Մարինան: Սկզբում Ռակիտյնսկայան շատ զգույշ էր խոսում: Բայց երբ Մարինայի քայլվածքից հասկացել է, որ նա եւս բաետի պարուհի է, սկսել է ավելի ազատ շփվել:
«Նրան պետք էր, որ իրեն հավատային, որ ճիշտ է ասում, նա ուզում էր վստահ լինել, որ ԱԱԾ-ն նրան նորից չի սկսի հետապնդել: Ես նրան տարիներ շարունակ այցելում էի: Այս ընթացքում ես ավելի ու ավելի շատ ինֆորմացիա էի ստանում նրանից: Եւ մի օր նրան ասացի՝ Ալլա, պետք է այդ մասին ներկայացում բեմադրել»,- ասում է Մարինան: Այս ներկայուցումով թատրոնը 2 տարի առաջ Դնեպետրովսկ էին գնացել: Ներկայացմանը ներկա էր եղել Ռակիտյանսկայան: «Մենք շատ էինք այդ առիթով անհանգստանում: Նա, փաստորեն, նայելու էր իր ճակատագիրը»,- հիշում է Նատաշան:
Ներկայացման մասին երկու ռեժիսորները տարբեր կարծիքներ են լսել: «Օրինակ՝ մի անգամ վետերանների ու աշակերտների հետ հանդիպման ժամանակ մի կին, որը մոր հետ գերմանական համակենտրոնացման ճամբարում է եղել, մոտեցավ մեզ եւ ասաց. «Իմ մայրը մահացավ, եւ ոչ ոք նրան չասաց, որ նա ոչ մի բանի համար մեղավոր չէ, որ նա ընդամենը կալանավոր էր, ու ոչ ոք նրանից ներողություն չխնդրեց: Մեռնելուց նա ասաց՝ աղջիկս եւ ստալինականները, եւ գերմանացիները մեզանից գողացան մեր պատիվը»: Դիմելով մեզ՝ նա այնուհետեւ ավելացրեց. «Դուք այն այսօր վերադարձրիք մեզ եւ մայրս դա գիտի, նա տեսնում է»,- պատմում է Նատաշան:
«Մի անգամ էլ մեզ ասացին, որ մենք աշխատում ենք ռեքվիեմի ժանրի մեջ: Նրանք մտածում էին մեզ վիրավորել բայց ասում եմ, որ դա գրականության ամենաբարձր ժանրն է: Մեր ներկայացումը շատ իրական է, բայց միաժամանակ շատ ռոմանտիկ: Մենք չենք ցանկանում ցույց տալ, թե ինչ է արել պատերազմը, այլ ցանկանում ենք ցույց տալ, թե ինչ է կորցնում մարդը՝ մայր, սեր, երեխա, ամուսին: Այս շեշտադրումը մեր ներկայացումը դարձնում է ավելի պոետիկ: Բեմի վրա մենք ձգտում ենք այդ պոեզիային, քանի որ բարձրագույն ողբերգությունը դա եւս պոեզիա է»,- ասում է Մարինան: