ԿԻՆՈՆ ԿԱՄԱԿՈՐ ԱՐՎԵՍՏ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Երեւանում այսօր այնքան շատ հետաքրքիր պատմություններ, կյանք կա, որ կարող է ստիպել ստեղծագործողներին էլ ավելի ուշադիր նայել շուրջբոլորը եւ գրելու շատ բան գտնել»,- համոզված է «Կինո+» ամսագրի համանախագահ, «Դի Ջի կոնտակտ» կազմակերպության նախագահ Գոհար Դանիելյան-Դյուբոստը: Նրա վստահեցմամբ՝ ամսագրի գլխավոր նպատակը երիտասարդ մասնագետների մեջ կինոարվեստի նկատմամբ սեր եւ հետաքրքրություն արթնացնելն է: «Ուզում ենք ակտիվացնել այս դաշտը եւ ցանկանում ենք հատկապես տեղ տալ տաղանդավոր ստեղծագործողներին»,- նշում է Դանիելյան-Դյուբոստը: Դրա համար, ըստ նրա, հարկավոր է, որ երիտասարադ ստեղծագործողները ներքուստ լինեն ազատ ու հստակ զգան այն իրենց բոլոր գործողություններում:
«Շատ կարեւոր է, որ իրենց ասելիքն առանց վախենալու արտահայտեն, թեեւ նոր ասելիքը սկզբում միշտ էլ խնդիրների է հանդիպում: Ինձ չի թվում, սակայն, որ դա պիտի վախեցնի նրանց: Իսկապես ուշադրության արժանի նյութը մեր մեծերը հնարավոր չէ, որ չգնահատեն կամ մերժեն»,- նկատում է Գոհար Դանիելյան-Դյուբոստը: Ըստ այդմ՝ նա կոչ է անում երիտասարդներին շատ աշխատել եւ սիրել այն, ինչ անում են եւ «կգա մի օր, երբ իրեն կնկատեն, նրանցով կհետաքրքրվեն»:
«Կինո+»-ի համանախագահն ամսագրի առաջիկա համարներում պատրաստվում է մրցույթների ու այլ ձեռնարկների միջոցով խթանել երիտասարդներին ստեղծագործել եւ ամենակարեւորը՝ լինել լավագույնը: Օրինակ՝ այդպիսի մի նախաձեռնություններից մեկը կլինի լավագույն սցենարների մրցույթը: «Լավագույն սցենարի չափանիշներից մեկը պետք է լինի, օրինակ, հայ իրականության, առօյայի ներկայացումը, որի կողքով շատ հաճախ անտարբեր ենք անցնում: Արդեն հոգնել ենք հին, պատմական սյուժեներից: Սա դեռեւս հեռակա նպատակներից է եւ նաեւ, իմ կարծիքով կարեւորը ոչ այնքան նյութական մրցանակն է, որքան լինել լավագույնը»,- ասում է Գոհար Դանիելյան-Դյուբոստը: «Կինո +»-ն աշխատում է կինոգետների, լրագրողների, արվեստի քննադատների, վերլուծաբանների հետ:
Ի դեպ, նա ընդգծեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու քննադատական նյութերին, ընդ որում ոչ թե դրանք լինելու են ասեկոսեներ, այլ լուրջ վերլուծություն, քննարկում, բանավեճ: «Եթե կլինեն հակառակորդ կողմեր, երկուսին էլ հնարավորություն ենք տալու արտահայտվելու, բանավիճելու: Մի խոսքով՝ քննադատությունից չենք խուսափելու: Հուսով եմ՝ դա քաղաքակիրթ ձեւով կստացվի, քանի որ ամսագրի դիրքը չեզոք է լինելու»,- նշում է նա` ավելացնելով, որ «չպետք է միայն բացասական կողմերը տեսնել, այլ պետք է նաեւ դրա դրական կողմը վերլուծել»:
Ամեն մի քննադատության մեջ, ըստ նրա, ճշմարտություն կա: «Եթե ես լինեի այդ «քննադատված» ռեժիսորների տեղը, ես հնչած կարծիքներից ուղղակի կօգտվեի: Կինեմատոգրաֆն այն բնագավառն է, որ թանկ արժե, մանավանդ լիամետրաժ ֆիլմերի դեպքում: Այդ տեսանկյունից այդ ռեժիսորները ճիշտ են, երբ ասում են, որ ֆիլմն ավելի լավ կլիներ, եթե ֆինանսներ լինեին: Բայց ամեն ինչ չէ, որ հնարավոր է թաքցնել ֆինանսական դժվարությունների մեջ: Օրինակ՝ ֆիլմեր կան, որոնց վրա ծախսվել են հսկայական գումարներ, սակայն հաջողություն չեն ունեցել, եւ հակառակը: Ընդհանրապես՝ ֆիլմը շատ կամակոր արվեստ է եւ ֆիլմերի համար շատ կարեւոր է գովազդը»,- ավելացնում է Գոհար Դանիելյան-Դյուբոստը: