ՊՐՈԲԼԵՄ ՉԵ՞Ն ՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ շաբաթ օրը հանդիսավոր ձեւով մեկնարկեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը։
1972-2001թթ ընկած ժամանակահատվածում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Թեղուտի հանքավայրն ունի 400-450 մլն տոննա հանքանյութ, որում կա 1 մլն 600 հազար տոննա պղնձի եւ 99 հազար տոննա մոլիբդենի պաշար։
Երկարատեւ քննարկումներից հետո կառավարությունը «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությանը թույլատրեց շահագործել հանքավայրն այն ակնկալիքով, որ դրանից կշահի եւ Լոռու մարզի եւ թե Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես։ Շահագործման 1-ին փուլում 250-300 մլն դոլարի ներդրում կարվի, որից հետո հանքաքարի արդյունահանման ժամանակ արդեն Թեղուտի հանքավայրը Հայաստանին տարեկան կբերի առնվազն 100 մլն դոլար։ Թեղուտը անկախ Հայաստանի ամենից խոշոր տնտեսական ծրագրերից մեկն է, որի արտադրանքը Համախառն Ներքին Արդյունքը կավելացնի 1-1.5, իսկ արտահանումը մինչեւ 15 տոկոսով, հավաստում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Հանքավայրի շահագործման առաջին փուլում՝ 3-ից 3.5 տարվա ընթացքում, կկառուցվի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, որի շինարարական աշխատանքներում կընդգրկվի 1700-ից 2000 մարդ։ Իսկ հանքավայրի բուն շահագործման ժամանակ արդեն աշխատանքով կապահովվի մոտավորապես 2500 մարդ։
Սակայն եթե տնտեսության զարգացման առումով անհրաժեշտ է հանքավայրի շահագործումը, ապա բնության պահպանության առումով ճիշտ հակառակը։ Հատվող 350 հեկտար անտառները տարածաշրջանի էկոհամակարգի լուրջ խախտում կառաջացնեն, ինչի համար էլ անհանգստանում են բնապահպանները։ Ու թեեւ անտառները միանգամից չեն հատվելու, այնամենայնիվ տասնյակ տարիներ հետո բացհանքի տարածքը մեռյալ գոտի կդառնա, ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը։
Սերժ Սարգսյանը տեղին համարեց բնապահպանների անհանգստությունը, սակայն շեշտեց, որ «Էյ-Սի-Փի» ընկերությունը հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալուն զուգահեռ նաեւ մի շարք բնապահպանական պարտավորություններ է ստանձնել եւ որ ընկերության շահերից է բխում բնապահպանական պարտավորությունների բարեխիղճ կատարումը։
Ինչ վերաբերում է հանքավայրի տարածքում առկա պատմական հուշարձաններին, ապա ըստ վարչապետի, անհրաժեշտության դեպքում դրանք կտեղափոխվեն։ Իսկ այն հարցին, թե վարչապետը տեղյակ է արդյո՞ք, որ շահարկվում է նաեւ հանքավայրում ուրանի պաշարի առկայության մասին կարծիք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հանգիստ եղեք, հանգիստ, պրոբլեմ չեք ունենա»։
«Անկյուն+3» ՀԸ
Ալավերդի