ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԿոմիտասի անվան կամերային երաժշության տան դահլիճում հանդիսատեսը կլանված լսվում էր Շոպենի, Ռախմանինի, Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները: Դաշնակահար Տիգրան Ալավերդյանը մատների արագ եւ սահուն շարժումներով հավաքվածներին հաղորդակից էր դարձնում մեծ կոմպոզիտորների գործերին: Սա նրա հերթական բարեգործական համերգներից մեկ էր, ինչը հանդիսատեսը բուռն ծափերով ընդունեց:
Տիգրան Ալավերդյանը 1994թ. ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ապա ասպիրանտուրան: 1995 թ.-ից դասախոսում է կոնսերվանտորիայում: 2002 թ.-ին ստացել է դոցենտի կոչում:
Բազմիցս հանդես է եկել մենահամերգներով, մասնակցել է մրցույթների:
«Տարվա մեջ երկու անգամ համերգներ եմ կազմակերպում` աշնանը եւ գարնանը: Սա այդ համերգներից մեկն էր»,- ասաց Տիգրան Ալավերդյանը, որի հաջորդ համերգը կլինի գարնանը: Հանդիսատեսի վերաբերմունքից շոյված դաշնակահարը նկատեց. «Իմ հանդիսատեսը միշտ լավն է եղել, յուրաքանչյուր մենահամերգի ժամանակ ունենում եմ լեփ-լեցուն դահլիճներ, ինչը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ միշտ մուտքը ազատ է»:
Տիգրան Ալավերդյանը ելույթ է ունեցել նաեւ Թեհրանում, Արաբական էմիրություններում, Սանկտ Պետերբուրգում: Հասցրել է թողարկել 4 հատ լազերային սկավառակներ, վիդեո սկավառակ:
«Ճանապարհս հարթ է եղել: Խոչընդոտներ չեն եղել, քանի որ մի սկզբունք ունեմ. եթե աշխատում ես, երբեք խոչընդոտի չես հանդիպի: Ամենամեծ բանը աշխատասիրությունն է»,- ասում է նա:
Տիգրան Ալավերդյանը նաեւ ստեղծագործում է: Արդեն հասցրել է 15 երգ գրել: Մասնակցել է նաեւ Հայաստանի օրհներգի մրցույթին, հասել է մինչեւ վերջին փուլ, բայցի չի հաղթել:
«Կշարունակեմ աշխատել եւ նոր ծրագրերով հանդես գալ»,- ավարտեց Տիգրան Ալավերդյանը: