«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՄԱՍՆԱԿԻՑԸ ՀԱՅՏՆԻ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն հայտնի է 2008թ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից:
Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերի՝ այդ երգչուհին Սիրուշոն է:
«Քանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից»,-«Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:
Հենց այդ ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքն՝ կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելով՝ հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում է՝ մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել:
Դիանա Մնացականյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի մեջ ընդգրկված են եղել գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ինքը՝ իբրեւ նաեւ պատվիրակության ղեկավար, «Եվարտեսիլ»-երի նախորդ մասնակիցներ Հայկոն, Անդրեն, որոնք նաեւ բազմաթիվ խորհուրդներ են տվել նորընտիր երգչին:
Նշենք, որ 52 տարվա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» ամենամայա երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Դիանա Մնացականյանի նախնական տվյալներով՝ այն կանցկացվի մայիսի 22-24-ը: Այս տարվա մրցույթի նորույթն այն է, որ նախկին երկու փուլի փոխարեն այն բաղկացած կլինի երեք փուլից՝ երկու կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Բացի այդ՝ ավելացել են մասնակից երկրների քանակը եւ ըստ այդմ՝ այս տարի ընտրությունն էլ ավելի բարդ կլինի:
Դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչ բնույթի երգ կնախընտրեն՝ տխո՞ւր թե ռիթմիկ: «Հիմա որեւէ մեկը չգիտի, թե ինչ երգ է պետք երգել այդ փուլերի ժամանակ, որ այն չձանձրացնի, երկրների այդ առատության մեջ հիշվի եւ շոուն, եւ երգը ու գնա եզրափակիչ փուլ»,- վստահեցնում է Դիանա Մնացականյանը:
Ավելացնենք, որ երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին: