ԲԻԼԱՆԻ «ԱՐԺԵՔԸ» ԳԱՂՏՆԻՔ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱզատության հրապարակում բեմ է կառուցվոււմ, սակայն ոչ ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի համար, որը վաղն այստեղ հանրահավաք է հրավիրել: Բեմը կառուցվում է ռուս երգիչ Դիմա Բիլանի համար, որը նույն հրապարակում մեկ օր անց` նոյեմբերի 17-ին համերգ է տալու:
Որքա՞ն է վճարել Կենտրոն թաղապետարանը` ռուսական շոու բիզնեսի աստղ Դիմա Բիլանին Երեւան հրավիրելու համար: «Ա1+»-ի անմեղ այն հարցը արժանացավ թաղապետարանի «մեղադրանքներին»: Կենտրոն թաղապետարանի կրթության բաժնի պետը «Ա1+»-ին հարցը համարեց «ոչ կոռեկտ» եւ խորհուրդ տվեց «ընդհանրապես նման հարցեր չտալ, քանի որ դրանց ոչ մեկը չի պատասխանի՝ կոմերցիոն գաղտնիք է»:
Կրթության բաժնի պետը նաեւ ավելացրեց, որ նման համերգ արդեն երկրորդ տարին է կազմակերպվում: Ինչ վերաբերում է Դիմա Բիլանի հրավերքի հետ կապված ֆինանսական հարցերին, ապա դրանք լուծվել են թաղապետարանի ֆինանսական բաժնի հետ համատեղ: Նա ընդամենըը մեզ խորհուրդ տվեց պրպտել Դիմա Բիլանի կայքերը եւ միգուցե այնտեղ գտնել մեր հարցերի պատասխանը: Ինտերնետային կայքէջերում, բնականաբար, այդ մասին տեղեկություն զետեղված չէր:
Դիմեցինք պրոդյուսերական կենտրոններին` հասկանալու մոտավոր «ծախսը»: Մեզ պատասխանեցին, որ չեն կարող կոնկրետ որեւէ բան ասել, քանի որ դա հարաբերական հասկացություն է եւ ամեն կազմակերպություն յուրովի է լուծում նման հարցերը:
Իսկ «Շարմ» ընկերությունում հայտնեցին, որ Դիմա Բիլանի նման երգիչը, որն այսօրվա դրությամբ մեծ հեղինակություն է վայելում Ռուսաստանում, բավականին թանկ կարժենա, քանի որ յուրաքանչյուր երգչի հոնորարը որոշվում է նրա վարկանիշով: Ի դեպ, նշենք, որ Դիմա Բիլանը 2006թ. մասնակցել է «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին ու գրավել 2-րդ պատվավոր տեղը: Ավելացնենք, որ ՏԻՄ բյուջեն ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած գումարներից, որոնք ենթադրվում է բոլորովին այլ նպատակներով պիտի օգտագործվեին: