Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՐՈՒՇՈՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ

Մշակույթ

Ինչպես տեղեկացրել ենք` հաջորդ տարի «Եվրատեսիլ 2008»-ում` Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն:

«Ա1+»-ը փորձեց պարզել քաղաքացինիերի կարծիքը այս առթիվ:

«Այն, որ Սիրուշոն է 2008 թվականին ներկայացնելու Հայաստանը, անակնկալ չէր ինձ համար, քանի որ ողջ տարվա ընթացքում նրա անունն էր հոլովվում,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Անին,- նա պատրաստ է «Եվրատեսիլին» մասնակցելու: Նկատի ունենալով մեր շուկան՝ նա լավագույն տարբերակն է»: Քաղաքացիների մեծ մասը դրական էին արտահայտվում Սիրուշոյի մասնակցության վերաբերյալ, սակայն հնչեցնում էին նաեւ այլ կատարողների անուններ, որոնք կարող էին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»: «Ավելի լավ է՝ Արամեին ուղարկեինք, նա եւ լավ է երգում եւ գեղեցիկ տեսք ունի»,-ասում է 19-ամյա Մարինեն, ում կարծիքին հակադրվում է 23-ամյա Սարգիսը. «Մենք արդեն երկու տղամարդ ուղարկել ենք «Եվրատեսիլ», հերթը գեղեցիկ սեռինն է, իսկ նրանց մեջ լավագույնը Սիրուշոն է»:

Հարցված միջին տարիքի քաղաքացիներից շատերը կարծում են, որ ավելի լավ ձայնային տվյալներ ունեցող երգիչներ կան, որոնք արժանի են «Եվրատեսիլին» մասնակցելուն: Այդ քաղաքացիները, սակայն, Սիրուշոյի «դեմ» ոչինչ չասացին, քան որ «Արդեն որոշված է, որ նա պիտի մասնակցի, կարիք չկա նրան պախարակել, հուսանք, որ լավ հանդես կգա»:

Հարցմանը մասնակցածներին դուր չէր եկել այն, որ ընտրությունը «ներքին կարգով էր կատարվել»: Իսկ 18-ամյա Լիլիթը հակառակն է կարծում. «Ավելի լավ է՝ պարզ ասեն, որ մասնակիցը արդեն որոշված է, քան ձեւական մրցույթ անցկացնեն»: Հիշեցնենք, որ Սիրուշոյին ներքին որոշմամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը:

Ի դեպ, «Ա1+»-ի բլոգում նույնպես քննարկում են Սիրուշոյի՝ «Եվրատեսիլում» հաղթելու հնարավոությունները: