ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Աջակցիր «Ա1+»-ինՆախատեսված ժամը 11-ի փոխարեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստն սկսվեց ժամը 13:35-ին. շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի գործով դատական նիստը: Այս անգամ եւս Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի կողմնակիցներն բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի շենքի մոտ:
Դատարանի շենք մտնելիս կոտրվեց նաեւ դիմապակիներից մեկը: Արդեն ներսում կողմնակիցները կրկին մեծ դահլիճ պահանջեցին, խոստացան չտրամադրելու դեպքում թույլ չտալ սկսելու նիստը.
Այնուամենայնիվ մեծ դահլիճ չտրամադրվեց, նիստը սկսվեց:
Շարունակեց ցուցմունքներ տալ թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը: Նա նախ ասաց, որ նիստերից մեկի ժամանակ դահլիճում ներկաների կողմից ճնշում է զգացել իր վրա: Այդ իսկ պատճառով դիմում էր ներկայացրել անցած նիստին չմասնակցելու խնդրանքով: Թե մեղադրող եւ թե պաշտպանական կողմը գտնում էին, որ Սիլվա Հովհաննիսյանի նախաքննական եւ դատարանին տրված ցուցմունքներն իրարամերժ են:
Իսկ մյուս վկան՝ Նարինե Հմայակյանն էլ ասաց, թե նախնական ցուցմունքը տվել է հուզական ոչ հավասարակշիռ վիճակում, քանզի մայրը մահամերձ վիճակում է եղել ու ինքը րոպե առաջ ցանկացել է տուն հասնել՝ չկարդալով շարադրված ցուցմունքները:
Հարցաքննված երրոդ վկան նույն հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մուրադյանն էր: Այստեղ եւս այն կարծիքը ձեւավորվեց, թե նախաքննության եւ դատական նիստերի ժամանակ ցուցմունքները հակասական են: Հաջորդ նիստին կհրապարակվի նախաքննական ցուցմունքները:
Իսկ մինչ այդ, ի պաշտպանություն մեղադրվողների, հացադուլ են հայտարարել գյումրեցի 20 ազատամարտիկներ:
Գյումրի
«Ցայգ» հ/ը