Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՎԵՐՆ ԻՆՔՆԱԿԱ՞Մ ԵՆ ԱՆՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ, ԹԵ՞...

Մարզեր

Հունիսի 13-ին ժամը 17-ի սահմաններում Դովեղի սահմանագոտուց` Ջալաղ հանդամասից Ադրբեջանի տարածք է անցել դովեղցիներին պատկանող 2 նախիր` 27 կով, 5 երինջ եւ 1 ցլիկ:

Նախիրները հսկել են 4 նախրապան: Անասունների մի մասը այդ ժամանակ իջել է ձորը ջուր խմելու: Նախրապաններից Սամվել Ղազարյանը մեզ հայտնեց, որ ինքը գտնվել է ձորում, 20 մետր հեռավորության տեսել է ադրբեջանցի 2 զինյալների, որոնք զենքով սպառնացել են իրեն: Ղազարյանը վախից փախուստի է դիմել: Սամվելի վկայությամբ` մի 10 րոպե անց նա, շփոթմունքից ուշքի գալով, դեպքի մասին հայտնել է նախրապան ընկերներին: Սամվելի խոսքերով` մյուս 3 երեք նախրապանները` Վաղինակ Հակոբյանը, Լադիկ Կիրակոսյանը եւ Արմիկ Գորգինյանը սահմանից Ադրբեջանի տարածքում տեսել են 5-6 զինյալների:

Սամվելի Ղազարյանի վկայությամբ` եւս 22 կով փրկվել է, որովհետեւ նախրի այդ մասը ջրին չէր հասել,այդ ընթացքում արածում էր: Նշենք, որ նախիրը գտնվել է Ադրբեջանի սահմանից ընդամենը 100մ հեռավորության վրա: Մինչ ՀՀ պաշտպանության նախարարությունը պնդումն է, որ անուշադրությունից դուրս մնացած կովերն իրենք են անցել Ադրբեջանի տարածք, Սամվել Ղազարյանը վկայում է ադրբեջանցի զինյալների կողմից դրանց առեւանգման մասին: Նա այդպիսի ցուցմունք է տվել Նոյեմբերյանի ՆԳ բաժնում:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակից հետո կովերը մնացել են սահմանամերձ գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը: Անասնագողության դեպքերը հաճախ են տեղի ունենում Տավուշի սահմանամերձ գյուղերում: Մարտի լույս 31-ի գիշերը սահմանամերձ Ոսկեւան գյուղում անհայտ անձինք գողացել էին Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համոզմամբ` անասնագողությունների հետքերը տանում են դեպի Ադրբեջան:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ