Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԵՆ

Մարզեր

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Իջեւան քաղաքի 3 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների դատավարությունը:

Նրանք մեղադրվում են 2007թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների կապակցությամբ: Ինչպես հայտնեց նրանց պաշտպան Յուրիկ Խաչատրյանը` մեղադրյալներից երկուսը` Տավուշի մարզպետի օգնականը եւ Իջեւան քաղաքի երաժշտական դպրոցի տնօրենը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ( վստահված անձանց խոչընդոտել):

Այս հոդվածով նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում: 3-րդ մեղադրյալը ` Իջեւանի քաղաքապետարանի ճարտարապետը մեղադրվում է ՀՀ քր. օրի 150-րդ հոդվածով( ընտրությունների արդյունքները կեղծել), որով նախատեսված է 3-5 տարի ազատազրկում: Բոլոր մեղադրյալներն էլ կալանքի տակ չեն: 2007թ. դեկտեմբերի 16-ի ընտրություններից հետո թեկնածու Կամո Մարկոսյանի վստահված անձի բողոքի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկվել են քվեաթերթիկները, վերահաշվարկի արդյունքում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի օգտին ձայները նվազել են 88-ով: Այդ քվեաթերթիկները համարվել են անվավեր:

Այս նիտում դատարանը լսեց վկաներին` Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ հանձնաժողովի 3 անդամների, որոնք հանձնաժողովում ներկայացրել են դատական համակարգը եւ ՀՅԴ-ն: Նիստի սկզբին 3 մեղադրյալների պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դատարանին միջնորդեց լրագրողին չթույլատրել լուսանկարում եւ ձայնագրություն կատարելու, ինչը դատարանը մերժեց: Սակայն նիստի ավարտին պաշտպանը լրագրողին ասաց, որ վերջինիս ներկայությունը նպաստեց նիստն ավելի օբյեկտիվ անցկացնելուն:

Պաշտպանը հույս ունի, որ, ի վերջո, իր պաշտպանյալները կարդարացվեն: Լրագրողի կողմից դահլիճը լուսանկարելու փորձերը, որոնք նիստում նախագահող, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը թույլատրել էր, հանդիպեց նիստին ներկա Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցների սպառնալիքներին: Այս առթիվ ստիպված էին միջամտել դատական կարգադրիչները:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին: Նշենք, որ 2007թ. դեկտեմբերի 16-ի ընտրությունների ժամանակ թույլ տրված ընտրախախտումների դեմ բողոքի ցույցեր են եղել Տավուշի մարզպետարանի եւ Իջեւանի քաղաքապետարանի առջեւ :

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ