Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»

Մշակույթ

Թալինի Իրինդ գյուղի բնակիչները սարի գլխին ամեն տարի ապրիլի 24-ին կրակներ են վառում 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Քանի որ գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց կրակների լույսը Թուրքիայում պարզ երեւում է: Այս գյուղի բնակիչների գերակշիռը մասը սասունցիներ են եւ իրենց մոտ խորը արմատներով պահպանվել են բնիկ սասունցիների կոլորիտն ու գրեթե բոլոր ավանդույթները: Երեւի դա է պատճառը, որը կրակավառությունն այստեղ ավանդույթ է դարձել:

Սասունցիների հենց այս կոլորիտն է ոգեւորել «Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ կինոփառատոնի մասնակից, ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ Արսեն Գասպարյանին նկարահանել վավերագրական ֆիլմ հայրենսիրության եւ ազգասիրության մասին: Արսենն ինքը սասունցի չէ, բայց մոտ 10 տարի առաջ լինելով այս գյուղում ու տեսնելով սարերի վրա վառվող խորհրդավոր կրակները՝ հետաքրքրվել է դրանցով: «Սակայն այն ժամանակ ես նույնիսկ չգիտեի, որ ինստիտուտ կընդունվեմ, ռեժիոսոր կդառնամ, բայց ես հիացած էի այդ տեսարանով: Ինձ ոգեշնչել է նաեւ Արա Վահունիի եւ Ռուբեն Գեւորգյանցի հեղինակած 1977թ. նկարահանած «Լույսն Արագածի վրա» ֆիլմը, որտեղ երկու եղբոր հարսանիքի մի տեսարան կա, երբ նրանք մեքենաներով գալիս, հանդիպում են իրար: Փորձեցի անդրադառնալ այդ ընտանիքներին, թե ինչպես են նրանք այսօր ապրում, նրանց սերունդը: Այդ հարցում ինձ օգնեց լուսահոգի Տավրոս Դաշտենցը՝ Խաչիկ Դաշտենցի տղան, որը կապ ունի սասունցիների հետ»,- «Ա1+»-ին պատմեց երիտասարդ ռեժիսորը:

Նրա այս ֆիլմը կոչվում է «Դեպի էրգիր»: Այն 22 րոպեանոց է եւ ներկայացված է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրին: 2005թ. մասնակցել է նաեւ 3-րդ «Ոսկե ծիրան»-ին՝ ներկայացնելով «Դավիթ եւ Լալա» ֆիլմը: Ֆիլմի նկարահանումները տեւել են 3-4 ամիս եւ հիմնական նկարահանումները եղել են ապրիլի 24-ին: Ֆիլմի բյուջեն կազմում է 1 մլն դրամից ավելի: Արսենի ասելով՝ իր նպատակը փառատոններին մասնակցելը չէ, այլ որակյալ ֆիլմ ստանալը: «Եթե ստանում ես այն, ինչ ցանկանում ես, ապա ֆիլմը ինքն իրենով է սկսում ապրել: Ինձ համար հաղթանակն այնքան կարեւոր չէ, որքան շփումը: Իհարկե, ցանկալի կլիներ հաղթել, սակայն դա ինձ համար խնդիր չէ»,- վստահեցնում է նա:

Ֆիլմում նա ընդգծված անդրադառնում է նաեւ մայրության խնդրին: Իրինդ գյուղում կար մի ընտանիք, որտեղ կա 14 երեխա: Երեխաները հիմնականում ծնվել են 1990-ական թթ. դժվարին տարիներին: Ընտանիքի մայրը, Արսեն Գասպարյանի ասելով, ոչ միայն կարողացել է պահել ,մեծացնել նրանց, այլեւ սիրով ու հոգատարությամբ շրջապատել նրանց: Ըստ Արսենի՝ ազգասիրությունն ու հայրենասիրությունը կայանում է հենց այստեղ: Ինչպես ֆիլմի հերոսն է ասում՝ «Միակ դիպլոմը դա մայրության դիպլոմն է»: «Հերոսն ինքն ասում է, որ մարդիկ ընդհանրապես ունենում են մեկ երեխա ու դրանով սահմանափակվում: Սակայն եթե հնարավորություն կա ունենալ, ապա պետք է ունենալ շատ երեխա»,- ավելացրեց ռեժիսորը:

Արսենը համաձայն չէ տարածված այն կարծիքի հետ, որ տեղական ֆիլմերը քիչ են նայում. ընդամենը, ըստ նրա, մտածում են, որ հեռուստատեսությամբ դրանք կկարողանան դիտել: