Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ

Մշակույթ

Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն:

«Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն շերտը, որը մեր դարաշրջանում արագընթաց մոռացության եւ անհետացման է մատնվում: Գրավոր խոսքի ի հայտ գալով, բանավոր կերպով սերնդից սերունդ փոխանցվող առասպելները, հեքիաթները, ասքերը, էպոսները որպես ազգային եւ համամարդկային մշակութային կոթողներ վտանգվեցին: Ճիշտ է դրանք գրի առնվեցին՝ այսպիսով ավելի ապահով կերպով պահպանվելով, բայց կորսվեց բանահյուսական նյութի վերարտադրման անհատական , ռիթմիկ, զգացմունքային որակը, իսկ բանահյուսական նյութի ամբողջ հմայնքը հենց դրա մեջ է»,- ասաց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը:

Նրա խոսքերով՝ ժամանակինՀովհ. Թումանյանը ինքն է շրջել գավառից գավառ եւ ծերունիներից գրի առնելով` փրկել է մշակութային ժառանգության ոչ նյութական շատ արժեքներ:

Թանգարանը նպատակ ունի վերականգնելու Թումանյանի գործունեության այս տեսակը՝ կազմակերպելով բանահավաքչական մրցույթներ՝ դրա մեջ ներգրավելով ուսանողությանը եւ մարզերի երիտասարդությանը: Եվ այս տարի կազմակերպվելիք հեքիաթասաց մրցույթ- փառատոնը կլինի դրա նախատիպը:

Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուստի թե դրամական, եւ թե հուշանվերային մրցանակները եւ թե դրանց տերմինները կլինեն հեքիաթային: Առաջին անվանակարգում /Հեքիաթասաց/ առաջին դրամական մրցանակը կկոչվի «Թագավորի ավագ տղի/ աղջկա» մրցանակ՝1 քսակ ոսկի՝ 200.000 դրամ, երկրորդ տեղ զբաղեցրածը կստանա Թագավորի միջնեկ տղի/ աղջկա մրցանակ 1 քսակ արծաթ՝ 150.000 դրամ, իսկ երրորդ տեղ զբաղեցնողը կստանա 1քսակ մարգարիտ՝ 100.000 դրամ:

Իսկ երկրորդ անվանակարգում՝հեռուստատարբերակում, առաջին տեղը գրավողը կստանա 400.000 դրամ, երկրորդ տեղը գրավողը 300.000 դրամ, իսկ երրորդը՝ 200.000 դրամ:

Ի դեպ, մրցանակները կտրվեն հատկապես նրանց, ովքեր հեքիաթը բարբառով կպատմեն: «Բարբառը մեր լեզվի հարստությունն է»,- ասում է Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը:

Նշենք, որ հայտերը ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 30-ը եւ արդեն 15 հայտ է ներկայացվել:

Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են ազգագրագետներ, գիտության եւ արվեստի ներկայացուցիչներ, դերասաններ եւ ռեժիսորներ, թանգարանից 1 ներկայացուցիչ եւ թանգարանի դասընթացներին մասնակցող 2 երեխաներ:

Ի դեպ, մյուս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 եւ թանգարանի հիմնադրման 60 տարին:

Իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը ասաց, որ այս պահին թանգարանի կարեւորագույն խնդիրը հաստիքների պակասությունն է. «Մենք հաստիքների, աշխատողների պակաս շատ ունենք, շատ մեծ ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը առանց մարդկային ռեսուրսի հնարավոր չէ իրականացնել: Մենք ժամանակավոր պայմանագրեր ենք կնքում, այդպես ինչքա՞ն կարելի է:Մեզ պետությունից հարկավոր են հաստիքներ՝ գիտաշխատողների, նաեւ հսկիչների իրենց աշխատավարձերով»:

Տնօրենը նշեց, որ թանգարանի աշխատասենյակներից մեկում թումայնանագիտությամբ են զբաղվում իրենց աշխատակիցները: Նրանք ուսումնասիրրում են Թումանյանի դեռեւս չբացահայտված արխիվը: Թանգարանի տնօրինությունը դիմել է պետական համալսարան՝բանասիրության մագիստրոսների եւ ասպիրանտների համար՝ թումայնանագիտությամբ զբաղվելու համար. «Մեր դռները բաց են բոլոր մագիստրոսների, ասպիրանտների համար,անգամ պատրաստ ենք կրթաթոշակ տալ»: Սակայն նույնիսկ դա չի ոգեւորել ուսանողներին: