«ԿԵՑՑԵ ԹԱՏՐՈՆԸ, ԿԵՑՑԵ ՇԵՔՍՊԻՐԸ, ԿԵՑՑԵ ԵՐԵՎԱՆԸ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը վերանավանվել է` կոչվելով շեքսպիրյան: Փառատոնի ձեւաչափը նույնպես փոխվել է, կազմակերպիչներն այլեւս չեն սահմանափակվելու մոնոներկայացումներով:
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ փառատոնի բացումը, որը սկսվեց աշխարհահռչակ վրաց բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի 70-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոյով: Նշենք, որ վրաց բեմադրիչի հոբելյանն առաջին անգամ նշվեց ոչ թե իր հայրենիքում, այլ Երեւանում:
«Ես մեղավոր չեմ այս ամենի մեջ, ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնեցի, քանի որ Վրաստանում դեռ չեն պատրաստվում նշել իմ հոբելյանը` կապված վերջին իրադարձությունների հետ»,- կատակեց Ստուրուան: Դահլիճը լեցուն էր բեմադրիչի երկրպագուներով, որոնց մեծամասնությունը միջին տարիքից բարձր թատերասերներ էին: Ստուրուան իր հայ գործընկերների կողմից պարգեւատրվեց Թատերական գործիչների միության ոսկե մեդալով եւ բազմաթիվ այլ նվերներով: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Ստուրայի բեմադրություններից` «Ռիչարդ 3-րդ», «Կովկասե կավճե շրջան», «Լիր արքա», «Մակբեթ», «12-րդ գիշեր», «Համլետ», «Մակբեթ»:
Մինչեւ սեպտեմբերի 18-ը ներկայացվելու են Վրաստանի, Լեհաստանի, Լատվիայի, Սլովակիայի, Լիտվիայի, Իրանի, Ռուսաստանի, Մարոկկոյի, Ուկրաինայի եւ Հայաստանի թատրոնների շեքսպիրյան բեմադրությունները: Բացի ներկայացումներից` անցկացվելու են նաեւ դասախոսություններ: Ի դեպ, բացի Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի «Համելտ» բեմադրությունից, բոլոր ներայացումների մուտքն ազատ է: