Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Մշակույթ

Գերմանիայում անցկացվող «GREEN SCREEN» միջազգային բնապահպանական փառատոնի ժամանակ, որին ներկայացված էին 70-ից ավելի ֆիլմեր, կարճամետրաժ ֆիլմ նոմինացիայում առաջին մրցանակը շնորհվել է Հայաստանը ներկայացնող «Համր ճիչ» ֆիլմին: Հայ պատանիների նկարահանած 14 րոպեանոց ֆիլմում պատկերված են Խոսրովի արգելոցից կենդանիներ որսացողների դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:

Ֆիլմի համահեղինակ 15-ամյա Արթուր Ղարիբյանը, ով վերջերս է վերադարձել Գերմանիայից, «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ այս ֆիլմը քարոզարշավ է ընդդեմ որսագողերի. «Այդ մարդիկ կենդանիներին որսում են եւ վանդակում պահում, իսկ երբ ի վիճակի չեն լինում նրանց կերակրել, բաց են թողնում եւ այդ կենդանիները այլեւս չեն դիմանում բնության մեջ եւ մեկ շաբաթից սատկում են»:

«Համր Ճիչ» ֆիլմը ստեղծվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «ՎիվաՍելը եւ երեխաները/ Արեւի հետքերով» կրթական-բնապահպանական ծրագրի շրջանակներում: «Այս ծրագիրն իրականացվել է Գառնի-Գողթ գյուղերում, Գյումրիում, Դիլիջանում, Երեւանում եւ Ուրծաձորում: Երեխաները մասնագետների օգնությամբ սովորեցին նկարահանել եւ ստեղծեցին 5 ֆիլմ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց հիմնադրամի մամուլի պատասխանատու Անի Եղիազարյանը: Գյումրիի էկո-ակումբի ֆիլմը ցուցադրվել է Հունաստանի «Ռոդոսի» բնապահպանական կինոփառատոնին:

Իսկ Գերմանիայի «GREEN SCREEN» միջազգային փառատոնին ներկայացված Ուրցաձորի էկո-ակումբի ֆիլմը արժանացել է հանդիսատեսի համակրանքին եւ ստացել է 500 եվրո մրցանակ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավարությունը դեռ չի որոշել, թե ինչպես է տնօրինելու շահած գումարը, իսկ 15-ամյա Արթուրը հուսով է, որ այդ գումարով եւս մի ֆիլմ կնկարահանվի` այս անգամ ծառահատումների վերաբերյալ: