Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՐԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ` ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻ ԲԵՄՈՒՄ

Մշակույթ

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն իր հոբելյանական 40-րդ թատերաշրջանին կներկայանա նոր «Սիրային խառնաշփոթ» կատակերգությամբ, որի հիմքում եվրոպացի դրամատուրգ Հերբերտ Բերգերի «Եվս մեկ Ջեքսոն» պիեսն է: Այն սիրային հնգանկյան մասին է:

Դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց «Սիրային խառնաշփոթի» սյուժետային հիմնական գծերը. «Երկու ընտանիքների միջեւ եղած սիրային ինտրիգներն ավելի են հետաքրքրանում, երբ հայտնվում է հինգերորդ անձը, եւ այստեղ արդեն ամեն ինչ խառնվում է իրար: Սա տիպիկ ժամանակակից իրավիճակային կոմեդիա է»:

Ներկայացման բեմադրության ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, բեմադրիչը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյանը: Բացի ներկայացված միակ պրեմիերայից խաղացանկում պահպանվել են նախորդ թատերաշրջանի ներկայացումները:

Դրամատիկականի այս ողջ թատերաշրջանը` սկսած սեպտեմբերի 13-ից մինչեւ մյուս տարվա հուլիսի վերջը նվիրված է լինելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի 85-ամյակին: «Նաեւ լինելու են բազմաթիվ միջոցառումնե.նշելու ենք Արթուր Ութմազյանի 60-ամյակը, Վլադիմիր Մսրյանի 75-ամյակը, Պերճ Զեյթունցյանի 70-ամյակը եւ թատրոնի 40-ամյակը: »,-ասում է Հովհաննես Թեքգյոզյանը: