Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Մշակույթ

Հոկտեմբերի 4-12-ը կայանալիք «Հայ Ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը «ներկայանում է» «Highfest remarking the city» լոգոյով` նպատակ ունենալով քաղաքը դարձնել ավելի մշակութային: Այս մասին այսօր հայտնեց «Հայ Ֆեստի» տնօրեն Արթուր Ղուկասյանը: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն մոտ 100 ներկայացումներ 17 բեմահարթակներում: «Տոմսերը մատչելի են, սկսվում են 500 դրամից»,- նշեց Արթուր Ղուկասյանը:

«Հայ Ֆեստին», որի նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը, այս տարի կմասնակցեն 400 հոգի 30 երկրներից` Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, Գերմանիա եւ այլն, ինչպես նաեւ թատերախմբեր Հայաստանից:

«Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանելու համաշխարհային մեծության դրամատուրգ Մարկ Ռավենհիլը, ով հայ դերասանների հետ համատեղ կբեմադրի իր «Կորուսյալ դրախտը» պիեսը, իսկ փառատոնը կբացի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացումը: Ներկայացումների շարքում է նաեւ «Անտագոն ԹիաթրԱկտիոն» խումբը իր «Թայմ աութ» բացօթյա շոուով եւ այլն»,- ներկայացրեց «Հայ Ֆեստի» տնօրենը:

Կանցկացվի նաեւ Սարոյան-100 միջազգային թատերական փառատոն, որի ընթացքում կներկայացվեն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա պիեսներ:

Փառատոնին մշակույթի նախարարությունը հատկացրել է 35 միլիոն դրամ, ավելի քիչ, քան նախորդ տարի: Արթուր Ղուկասյանը ասաց, որ դիմել են գրեթե բոլոր գործարարներին, մեծահարուստներին, բանկերին, սակայն ոչ մեկից աջակցություն չեն ստացել, յուրաքանչյուրը մերժել է տարբեր պատճառաբանությամբ: