Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՋԱԶԻՆ ՍԵՐ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ է ՊԵՏՔ»

Մշակույթ

«Եթե ինձ ամեն տարի հրավիրեն Հայաստան համերգի, ես ամեն տարի էլ ելույթ կունենամ։ Ջազային երաժշտությանը տրված մարդիկ երբեք չեն հրաժարվի ելույթ ունենալ, նամանավանդ իրենց հայրենիքում»,-ասում է հայկական ջազի անգերազանցելի վոկալը՝ Տաթեւիկ Հովհաննիսյանը, ով հայրենիքում իր վերջին ելույթից 10 տարի անց` այսօր երեկոյան հանդես կգա համերգով։

Նա ասում է, որ երկու տարին մեկ լինում է հայրենիքում, «դե հայրենիքում ընտանիք ունեմ, մայրս՝ Օֆելյա Համբարձումյանը, այստեղ է ապրում եւ երբեք էլ չի մտածել իր հողը փոխելու մասին, այստեղ են հայրս, եղբայրս»։

Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը կազմակերպվել է հայկական ջազի 70 ամյակին նվիրված միջոցառումների շարքում, եւ նա հայրենիքում ելույթ է ունենալու իր նվագախմբի, ինչպես նաեւ հանրահայտ Ջան Բաբոյանի երաժշտության ուղեկցությամբ։ Լրագրողների հետ հանդիպմանը Տաթեւիկը տեղեկացրեց, որ համերգային ռեպերտուարը բազմապիսի է լինելու եւ ծրագրում ընդգրկված են ամերիկյան ջազային ստանդարտներ, բրազիլական ջազային երաժշտություն եւ հայկական էթնո ջազ։

«Անշուշտ այն երաժշտությունը, որի հետ ես արդեն տարիներ շարունակ ապրում եմ Միացյալ նահանգներում՝ էթնիկ հայկական ջազը, որի մեջ ընդգրկված են Սայաթ-Նովայի, Կոմիտասի հայկական ժողովրդական պարեղանակների ջազային մշակումներ եւ որի մեջ անշուշտ պահպանված է մեծ քանակությամբ հայկական հոգին, կհնչի համերգին»,-ասաց Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ նաեւ պատմելով, որ իր օտարերկրացի ուսանողները հայկական էթնո ջազ են սովորում իր մոտ եւ իր գերմանացի ուսանողուհին ,Հով արեքե է երգում, ինչը, ըստ նրա՝ հպարտանալու բան է։

«Ես միշտ ասել եմ, որ երգը իմ մեկ բաժակ ջուրն է, թթվածինը։ Եթե չլինի երաժշտությունը, ինձ համար դժվար կլինի քայլել առաջ։ Եթե ելույթ չկա, դասավանդում եմ, եթե չեմ դասավանդում, երգ եմ լսում»,-պատմում է երգչուհին՝ նշելով, որ բոլոր կանանց նման իր տան ճաշն էլ եփվում է, մաքրությունն էլ արվում է, ու ինքը դեռ հասցնում է դրսի գործեր էլ անել, դասավանդել էլ։ Նա ասում է, որ իր համերգները կազմակերպելու գործը հանձն է առել իր ամուսինը եւ հրաշալի կատարում է։ «Ամուսինս էլ ջազային երաժշտության սիրահար է, բայց տանը միայն ես եմ երգում»,-ասում է նա։ Ըստ նրա՝ ջազի համար նախ եւ առաջ ցանկություն ու սեր եւ համարձակություն է պետք, որ պոպուլյար եւ պահանջարկ ունեցող երաժշտություն մի կողմ թողնես եւ ջազային համերգներ կազմակերպես։ «Ես արդեն տեսնում եմ հայկական ջազի ապագան եւ մեր գործիքավորողները համաշխարհային մակարդակի պատրաստված են»,-գնահատում է իրավիճակը նա՝ նշելով նաեւ, որ դեռ շատ աշխատանքներ պիտի արվեն եւ երիտասարդ երաժիշտները երկար դպրոց անցնելու խնդիր ունեն։

«Հայերեն ժողովրդական երաժշտությունը հեշտորեն է կապվում ջազայինին, որովհետեւ մենք ունենք հարուստ ռիթմեր։ Ու ես հպարտ եմ, որ կա երաժշտություն ինձանից ծնված»,-ասում է երգուհին։