Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈ՞Ղ ՉՈՒՆԻ

Մշակույթ

Ժողովրդական վարպետ արծաթագործ Արծրուն Բերբերյանի արվեստանոցը գրեթե 5 տարի է ավերակ վիճակում է, սակայն Մշակույթի նախարարությունը ամենայն հավանականությամբ նպատակահարմար չի գտնում այն վերանորոգել կամ նոր տարածք տրամադրել: «Դիմել էի նախարարությանը, նրանց գրավոր պատասխանում նշված չէր, որ փող չունեն, բայց բանավոր ասել են»,-«Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց Արծրուն Բերբերյանի դուստր Անահիտ Բերբերյանը:

Բացի այդ` նախարարությունից պատասխանել էին, թե արվեստանոցն այժմ Անահիտ Բերբերյանի սեփականությունն է եւ իրենք չեն կարող գումար տրամադրել սեփական տարածք վերանորոգելու համար: Նշենք, որ այդ սեփական տարածքը, որտեղ պահվում են Բերբերյանի 100-ից ավելի գործեր, այժմ կիսավեր վիճակում է, իսկ կոմունալ պայմաններն ընդհանրապես բացակայում են: Անահիտը պատրաստ է արվեստանոցը պետականացնել` պայմանով, որ կվերականգնվի ամբողջ տարածքն ու կվերանորոգվի: Ի դեպ, Բերբերյանի աշխատանքների մի մասն էլ պահվում է այլ տարածքներում:

ՀՈՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՈՒՍՏՐԸ

Արծրուն Բերբերյանի արվեստանոցի 80 քմ տարածքը վերանորոգված է: Այդ տարածքն այժմ պատկանում է էլիտար շենքեր կառուցող Էդիկ Թախունցին: Անահիտ Բերբերյանի խոսքով` Էդիկը, օգտվելով Բերբերյանների ընտանիքի ծանր կացությունից, Անահիտին առաջարկել է արվեստանոցի 20 քմ տարածքն իրեն վաճառել` փոխարենը խոստանալով վերանորոգել արվեստանոցի ամբողջ տարածքը:

«Եղբորս մահից հետո Էդիկ Թախունցը դատական գործ հարուցեց իմ դեմ` պահանջելով փոխհատուցել իր կրած վնասները, ամիսներ տեւած դատական նիստերի արդյունքում, նրան տրվեց արվեստանոցի 60 քմ-ը, բայց նա ապօրինաբար գրավեց եւս 20 քմ, իսկ մեր տարածքը մնաց քանդած»: Անահիտ Բերբերյանի խոսքով` ինքը միակը չէ, ով տուժել է Էդիկ Թախունցի գործողությունների. «Ուրիշ զոհեր էլ կան, որ առանց տուն են մնացել, նրանցից են Ղարիբյանների ընտանիքը, որոնք ամեն հիգշաբթի բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց,- ասում է Անահիտ Բերբերյանն ու ավելացնում, թե Էդիկ Թախունցն իրենց ասել է, որ գործում է քաղաքապետին ու Կենտրոնի թաղապետին կաշառելով:

Ի դեպ, արվեստանոցի ներկայիս անբարեկարգ տարածքում օրեցօր ավելանում է արծաթյա զարդերի թիվը, քանի որ Արծրուն Բերբերյանի արվեստը շարունակում է դուստրը: