ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Աջակցիր «Ա1+»-ին«Դրամատիկական արվեստը Հայաստանում կործանման եզրին է, վերանում է, եւ ոչ թե այսօր, այլ վաղուց»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Նա հայտարարեց, որ այս պրոբլեմի մասին խոսում է, ոչ նրա համար, որ ցանկանում է այդ թատրոնում դարձյալ լինել գեղարվեստական ղեկավար: Նա նույնիսկ մեծ գումարի դեպքում չի վերադառնա այդ պաշտոնին:
Վահե Շահվերդյանն ունի իրեն` գեղարվեստական ղեկավարի պաշտոնից զրկելու տարբեր վարկածներ: 1-ինն այն է, որ նա երիտասարդ տարիքում Լեւոն Տեր- Պետրոսյանի ընկերն է եղել: «Սակայն դրա մասին որեւէ պաշտոնյա չի ակնարկել եւ բարոյական չեմ համարում դրա մասին խոսելը, իսկ թե ինչ կա երեւույթի ներսում, կբացահայտվի երեւի մի օր»:
2-րդ պատճառը, ըստ իրեն, ավելի հավանական է, քանի որ որոշել են թատրոնը ուրիշ ճանապարհով տանելու :
Իսկ եթե երկու կամ երեք ամիս հետո նոր գեղարվեստական ղեկավար գա թատրոն, ուրեմն, նրա խոսքերով, ոչ թե թատրոնին նոր մոտեցում էր հարկավոր, այլ ուղղակի ցանկացել են Վահե Շահվերդյանի հարցը լուծել: Վահե Շահվերդյանը կողմնակից է թատրոն- օջախ հասկացությանը, սակայն հիմա թատրոնը, ըստ նրա, ցանկանում են դարձնել կոմունալ բնակարան:
Ի դեպ, հոկտեմբերի 5-ին Վահե Շահվերդյանը բեմադրելու է իր «Արշակ 2-րդ» պրեմիերան: Վերջին անգամ 10 տարվա ընթացքում՝ «Ռուզան»-ից հետո բեմադրված առաջին ներկայացումն է պատմական թեմայով: Արշակի թագավորի դերում հանդես է գալու Տիգրան Ներսիսյանը, իսկ Փառանձեմի դերում` Նելլի Խերանյանը: