Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«12-ՐԴ ԳԻՇԵՐԸ»` ՊԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Մշակույթ

Վիոլան իր եղբորը` Սեբաստիանին, ծովում խեղդված համարելով, սգի մեջ գալիս է Իլիրիայի դուքս Օրսիոնի մոտ, պատանու կերպարանք առնելով` դառնում դքսի սպասյակը եւ ծածուկ սիրահարվում նրան:

Դուքսն անտարբեր է Վիոլայի նկատմամբ, քանզի վաղուց սիրահարված է կոմսուհի Օլիվիային, ով սգի մեջ է եւ ուխտ է դրել, որ 7 տարի չպետք է ամուսնանա: Սակայն կոմսուհին ճակատագրի հեգնանքով սիրահարվում է պատանու կերպարանք առած Վիոլային: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ պարզվում է, թե Վիոլայի եղբայրը չի մահացել:

Շեքսպիրի «12-րդ գիշեր կամ ինչպես կամենաք» պիեսի այս խառնաշփոթն իր հանգուցալուծումն է գտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում:

Ի վերջո, ամեն ինչ պարզվում է. Վիոլայի եղբայր Սեբաստիանը գտնում է քրոջը եւ դառնում կոմսուհու ամուսինը, իսկ Վիոլան գերում է դուքս Օրսիոնի սիրտը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու «12-րդ գիշերի» բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը պատահական չէր ընտրել այս ստեղծագործությունը որպես թատերաշրջանի պրեմիերա. այն նաեւ ցուցադրվել է սեպտեմբերին Երեւանում անցկացվող «Շեքսպիրյան միջազգային փառատոնի» շրջանակներում:

Շեքսպիրի ստեղծած կերպարները Պարոնյանի անվան թատրոնի բեմում մարմնավորել են դերասաններ Մարիամ Ղազանչյանը/Վիոլան/, Նարեկ Ներսիսյանը /դուքս Օրսիոն/, Իռեն Աբելյանը/Օլիվիա/, Ավո Խալաթյանը/խեղկատակ/ եւ այլք: Բեմադրությունը լի է գույներով, երաժշտությամբ եւ հումորով: