«ԵՐԵՎԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՍՐՏԱԿԵՐ ԵՆ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կյանքում վախենում են միայն նրանից, որ 70 տարեկանում արթնանամ ու հասկանամ, որ ինչ-որ բան դեռ չեմ հասցրել անել: Սա իմ տատիկի սիրելի արտահայտությունն է, որին սիրում եմ հետեւել ու հասցնել ամեն ինչ»,- այսօր հայ լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց երիտասարդ դերասան Կիրիլ Պլետնյովը:
Վերջինս իր բավականին երիտասարդ տարիքում արդեն հասցրել է խաղալ տարբեր ներկայացումներում եւ նկարահանվել բազմաթիվ հեռուստասերիալներում, ունի երկրպագուների մեծ բանակ:
Նա այս օրերին Ռուսաստանի Կազանցեւի դրամատուրգիայի եւ ռեժիսուրայի կենտրոնի հետ միասին Երեւանում է՝ մասնակցելու «Հայ Ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ռեժիսոր Իրինա Կերուչենկոյի «Ես գնդացրորդ եմ» մոնո ներկայացմամբ: Ներկայացումը բեմադրվել է դրամատուրգ Յուրի Կլավդիեւի ստեղծագործության մոտիվներով:
Կիրիլ Պլետնյովի ասելով՝ երբ առաջին անգամ նա ներկա գտնվեց մի մոնո ներկայացման, իրեն հետաքրքրել էր այն, թե ինչպես կարելի է մեկ հոգով, միայնակ մեկ ժամից ավելի լարվածության մեջ պահել հանդիսատեսին: Իսկ «Ես գնդացրորդ եմ» ներկայացմամբ նա յուրովի փորձում է ներկայացնել 2 ժամանակների 2 պատերազմները՝ Հայրենական Մեծ եւ այժմյան արյունալի, առանց կանոնների ու նպատակների պատերազմները:
Ներկայացման Կիրիլ Պլետնյովի հերոսը խոսում է փողոցային լեզվով եւ ցույց տալիս ժամանակակից իրականությունն իր բոլոր կողմերով: Ներկայացման հենց այս լեզուն, ինչպես նաեւ ինքնատիպությունը, բավականին մեծ աղմուկ են առաջացրել: Այդ պատճառով էլ բոլոր տոմսարկղերում զգուշացրել են, որ անչափահասների մուտքն արգելված է ներկայացմանը:
Ինչպես իր, այնպես էլ ներկայացման հաջողության գրավականը նա համարում է հետաքրքրասիրությունը: «Եթե մի բան քեզ հետաքրքրում է, ապա այն կհետաքրքրի նաեւ դիմացինին»,- ասում է երիտասարդ դերասանը: Կիրիլ Պլետնյովին իր հմայքի համար շատ հաճախ անվանում են «դաժան, սրտակեր երիտասարդ»: «Ի դեպ, իմ ընկերներն այդպես անվանեցին ձեր քաղաքը՝ Երեւանը եւ ձեր աղջիկներին: Իսկ ես ընդամենը սովորական մի տղա եմ»,- ժպիտով պատասխանում է դերասանը: Քանի որ Կիրիլ Պլետնյովի աշխատանքային առօրյան գերհագեցած է, այդ պատճառով նա չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է հանգստացել: «Փաստորեն այս տարի ինձ սկսում է արդեն հաջողվել հանգստանալ. իմ արձակաուրդն սկսվել է երեւանյան ներկայացուՄից առաջ եւ կտեւի մինչ նրա ավարտը»,- ավելացրեց նա: