«ՀԱՅՖԵՍՏ»-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ՏՈՒՐԻԶՄԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆերկայացումները դատարկ դահլիճներում ցուցադրելու մեղքը, ըստ «ՀայՖեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանի` եւ կազմակերպիչներինն է, եւ հանդիսատեսինը: «Դա մեր սխալն է, մենք ենք վատ աշխատում, դա մեկ, եւ երկրորդ` մեր հանդիսատեսն է նաեւ, որ չի գալիս ներկայացումների»: Փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 4-12-ը:
Ըստ փառատոնի ղեկավարի՝ ինչ-որ բան, այնուամենայնիվ, հաջողվել է. 9 օրում 80 ներկայացում է ցուցադրվել, օգտագործվել 15 բեմահարթակ եւ 30 երկրներից Հայաստան են եկել բազմաթիվ հանրաճանաչ հյուրեր ու մասնակիցներ:
Հայաստան առաջին անգամ այցելածներին, Արթուր Ղուկասյանի ասելով` մեր երկիրը շատ է դուր եկել: Ըստ Ղուկասյանի` սրանից կարելի է հետեւություն անել, որ փառատոնը զարգացնում է նաեւ տուրիզմը:
Փառատոնը, ըստ նրա` որոշ թատրոնների վրա թողնում է դրական, մյուսների վրա՝ բացասական ազդեցություն, ինչպես նաեւ նախանձ է առաջացնում:
Այս տարի եղել են հայկական թատրոններ, որոնք ընդհանրապես չեն մասնակցել փառատոնին, որովհետեւ փառատոնի կազմակերպիչներն իրենք չեն հրավիրել այդ թատրոններին: Ղուկասյանի ասելով` հայկական թատերական խմբերը կարող էին փառատոնին մասնակցելու մասին իմանալ իրենց կայքից:
Իսկ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչո՞ւ փառատոնին հավատարմագրված լրագրողը չի կարողանում ներկա գտնվել որոշ ներկայացումների, Արթուր Ղուկասյանը նախ հետաքրքրվեց, թե հայկական է եղել այն, թե ոչ, իսկ ապա պատասխանեց. «Մենք կապ չունենք հայկական ներկայացումների հետ, որովհետեւ ոչ դահլիճն է մերը, ոչ տոմսերը: Մենք խնդրում ենք նրանց, ասում ենք` ինչ կլինի, մի շարք ազատ պահեք: Կան թատրոններ, որոնք ասում են հա, կան թատրոններ, որոնք ասում են՝ ոչ: Իրենք ասում են՝ չհասկացա՞նք, մենք փող չաշխատե՞նք: Կան թատրոններ, որոնց համար հետաքրքիր է, որ մարդիկ գան ու նայեն, իսկ այս թատրոնների համար դա պետք չէ: Դա արդեն հոգեբանությունից է գալիս»:
Ի դեպ, արդեն հայտնի է այն 17 խումբը, որոնք պետք է մասնակցեն հաջորդ տարվա փառատոնին: