ԽԶՄԱԼՅԱ՞ՆՆ ԷԼ ՀԱՅՏՆՎԵՑ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Օպերա» 10 րոպեանոց հայկական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր Վենետիկի Բիենալեի ճարտարապետական փառատոնում, ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը մեկ շաբաթ առաջ հեղինակներին արգելել է այն ներկայացնել: Ի դեպ, քաղաքաշինության նախարարությունը ընդամենը պատվիրատու էր, ֆինանսական խնդիրները լուծել են հենց հեղինակները` Աշոտ Արշակյանը եւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Ֆիլմը եռալեզու է` հայերեն, իտալերեն, անգլերեն: Իսկ թե ինչո՞ւ է քաղաքաշինության նախարարությունը արգելել ֆիլմի ցուցադրումը, հեղինակների համար մինչ օրս պարզ չէ: Ֆիլմն իրենից քաղաքաշինության խորհրդանիշ է ներկայացնում: «Օպերայի» հեղինակներն այսօր ֆիլմը ներկայացրեցին լրագրողների դատին:
Ֆիլմը զուգահեռներ է անցկացնում Բաբելոնի աշտարակի եւ մեր Օպերայի շենքի միջեւ եւ ներկայացնում, թե Օպերան ինչպես դարձավ մշակութային եւ հոգեւոր կենտրոն: Ֆիլմի հեղինակները գտնում են, որ Բաբելոնի աշտարակի խորհուրդն ու անեծքը, կանխագուշակումն ու մարգարեությունը չի շրջանցել նաեւ մեր Օպերայի շենքը: «Այն իրականացավ 1988թ. փետրվարին, երբ մարդկանց միլիոնավոր բազմությունը հավաքվեց այստեղ` Օպերայի հրապարակում` ազատության ու արդարության պահանջներով, որոնք սկիզբ դարձան վիթխարի խորհրդային Բաբելոնի անհավատալի թվացող վախճանին»,- ասվում է ֆիլմում:
Ամենայն հավանականությամբ` ՀՀ քաղաքաշինության նախարարությանը դուր չի եկել ֆիլմում հնչող հետեւյալ տողերը. «10 տարի անց` 1999թ. աշնանը, երբ նորանկախ Հայաստանի կառավարությունը դարձավ ահաբեկչության գրոհի թիրախ, զոհվածների դիակները կրկին դրել էին Օպերայի շենքի դիմահարթակին: Անցավ եւս մեկ տասնամյակ եւ արդեն 2008 թ. գարնանը ընդդիմությունն ու իշխանությունը կրկին բախվեցին օպերայի հրապարակում` կարծես անվերջ շարունակելով Շեքսպիրյան մի ներկայացում, ուր արքաններն ու ծաղրածուները շարունակ փոխվում են տեղերով »: ֆիլմի դիտումից հետո լրագրողների հարցերի արդյունքում պարզվեց, որ ֆիլմը արգելվել է ցուցադրել Վիեննայում այն բանից հետո, երբ Քաղաքաշինության նախարարությունը պարզել է, որ ֆիլմի հեղինակը Տիգրան Խզմալյանն է:
«Հիմա ես չգիտեմ լացեմ, թե ծիծաղեմ, որ ֆիլմն արգելվել է ցուցադրել միայն նրա համար, որ հեղինակը ես եմ»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Կինոռեժիսորը պարզաբանեց, որ ֆիլմի նպատակը ոչ թե քաղաքական էր, այլ. «Մենք աշխարհին ուզում էինք ցույց տալ, որ օպերայի շենքի մեջ կուտակված են աշխարհի ճակատագրի, անցյալի, ներկայի ու ապագայի շատ կարեւոր խաչմերուկներ: Ես չգիտեմ` մեզ որքանով է հաջողվել, բայց նպատակը դա էր: Բնականաբար, այստեղ ոչ թե քաղաքական, այլ մշակութային հարցեր են բարձրացված: Մարգարեությունները քաղաքականություն չեն: Ես այստեղ որեւէ աստառ չեմ տվել»: Ֆիլմում տեղ էր գտել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից մի հատված եւ լրագրողներից մեկը ընկալեց, որ դա խորհրդանշում է սուտը:
Լրագրողը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այդ կադրերը եւ հենց այդ տողերը: Ֆիլմի հեղինակի պատասխանը շատ հստակ էր. «Դա այդպես չէ: Սերժ Սարգսյանը վերջերս Օպերայի շենքը օգտագործեց որպես երդման արարողության վայր: Կար կառավարության շենք, այլ շենք, բայց նա ընտրեց Օպերան: Մենք չենք ասում, որ դա կեղծ է, մենք ասում ենք, որ Օպերայի շենքի շուրջ ստեղծվել է յուրահատուկ թատերական բեմահարթակ: Իսկ ինչպես եք դուք դա ընկալում ու մեկնաբանում, դա ձեր խնդիրն է»: Տիգրան Խզմալյանը բոլորին, այդ թվում նաեւ լրագրողներին կոչ արեց լինել ճշգրիտ եւ կոռեկտ. «Մենք փորձում ենք նույնքան ճշգրիտ եւ կոռեկտ գտնվել, քանի որ ցույց ենք տալիս մեր երկիրը աշխարհին»:
Ի դեպ, հեղինակները նաեւ նշեցին, որ Քաղաքաշինության նախարարությունից միակ պաշտոնիան, որը ֆիլմը ընկալել է որպես քաղաքաշինության ազգային ծրագիր եւ փորձել աջակցել հեղինակներին, Նարեկ Սարգսյանն է եղել: