ՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 18-ից ի վեր Վանաձորում աղեստամոքսային գանգատներով բուժհաստատություններ դիմողների հոսքը շարունակվում է: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն արդեն բուժօգնություն է ցուցաբերել շուրջ 120 հիվանդի, իսկ Վանաձորի Սբ Նարեկ մանկական հիվանդանոցում բացվել է հատուկ բաժանմունք երեխաների համար:
Վարակի տարածման հավանական պատճառ մասնագետները համարում են ջուրը: ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը միանշանակ է համարում, որ հիվանդությունը բակտերիալ բնույթի է, ո՞ր բացիլն է, սակայն, հիվանդության առաջացման պատճառը, առայժմ հստակորեն դժվարանում է նշել՝ ընդգծելով, որ ջրի մանրէաբանական հետազոտությունները ներկայումս անարդյունավետ են, քանի որ վարակի հայտնաբերումից ի վեր ջուրը գերքլորացվում է:
ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ջրի եւ սննդամթերքի մանրէաբանական նոր հետազոտություններ իրականացնելու ուղղությամբ` վերջնականապես պարզելու վարակի տարածման աղբյուրը: Բացի այդ մայրաքաղաքից բժիշկ-մանրէաբանների եւ մանկաբույժների նոր խումբ է ժամանելու Վանաձոր: