ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ-Ի ԲԱԶՄԱԳՈՒՅՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրումները, սերն ու զգացմունքները երեւում են այն ժամանակ, երբ գույները պակասում են: Սեւ ու սպիտակն է բացահայտ ցույց են տալիս դրանք»,-ասում է լուսանկարիչ Մկրտիչ Նազարյանը: Նա այն 25 հեղինակներից մեկն է, ում գործերը այսօր ներկայացվեցին ՆՓԱԿ-ում, «Սեւ-սպիտակ» լուսանկարչական ցուցահանդում: «Ես ավելի շատ նկարում եմ մարդկանց: Գունավորը, իրոք, գեղեցիկ է, բայց երբ ֆոտոն սեւ ու սպիտակ է լինում, գեղեցիկը երկրորդ պլան է մղվում եւ սկսում են երեւալ ապրումները, սերն ու հույզերը»,-«Ա1+»-ին ասաց Մկրտիչ Նազարյանը:
Լիտվայից Հայաստանում կամավոր աշխատող Լաուրա Բոլուսկայան ֆոտոարվեստի սիրահար է եւ պատմում է, որ ֆոտոն իր երկրում նաեւ լավ բիզնես է:
«Ես հատկապես բնապատկերով սեւ ու սպիտակ ֆոտոները հավանեցի, այնքան գույներ կան սեւ ու սպիտակում»,-ասաց նա:
ՆՓԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Բալասանյանը կարծում է, որ Հայաստանում լուսանկարիչների լավ դպրոց կա, եւ Պողոս Պողոսյանի նման լուսանկարիչների կողքին կան նաեւ երիտասարդ լավ մասնագետներ, որոնք ներկայացված են ցուցահանդեսում:
«Ֆոտոն, այն էլ սեւ ու սպիտակ, շատ արդի է իմ կարծիքով: Արվեստի մեջ ոչինչ իրական չէ, ցանկացած բան, որ արտադրում է արվեստագետը դա իրականության որոշակի ընկալում է միայն, եւ երբ պարամետրերն իջեցնում ես, սահմանափակում տեխնիկայով, դժվարանում է ցույց տալը: Այ հենց սա է սեւ ու սպիտակ լուսանկարի դժվարությունը»,-«Ա1+»-ին ասաց Էդուարդ Բալասանյանը:
Ցուցահանդեսի համադրողներից Վահիկ Ակիմյանը ասում է, որ ի սկզբանե հենց այդպես էլ նախատեսված է եղել, որ թեմատիկ որեւէ ուղղվածություն չունենա ցուցահանդեսը, եւ «մոտեցումների բազմազանությունը միավորի սեւն ու սպիտակի միակ ընդհանրության տարածքում»:
«Ես կարծիք լսեցի, որ սեւ ու սպիտակը իրականության ավելի մռայլ վերարտադրությունն է: Բայց դա, ըստ իս, միայն էսթետիկ եւ գեղագիտական խնդիր է»,- «Ա1+»-ին ասաց Վահիկ Ակիմյանը: