Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԴՊՐՈՑՈՒՄ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿՆԵՐԸ

Մշակույթ

Հայ կինոռեժիսորներն ու կինոյի ոլորտի երիտասարդ մասնագետները այսուհետ հնարավորություն կունենան իրենց կուռքերի հետ շփվել Հայաստանում:

Աշխարհահռչակ կինոռեժիսորներ Վիմ Վենդերսը, Յոս Ստելինգը, Անդրեյ Պլատովը, Ատոմ Էգոյանը, Աբաս Քիառոստամին եւ այլոք մեր երկիր կժամանեն ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, այլեւ պարբերաբար, որպեսզի նորաստեղծ Կինոյի դպրոցում պրակտիկ վարպետության դասընթացներ/ workshop/ անցկացնեն, երիտասարդներին հաղորդեն իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Դպրոցի հիմնադրման գաղափարը ՀՀ մշակույթի նախարարությունում եւ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամում է ծագել, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ավանդաբար անցկացվող «Վարպետության դասեր»-ի նկատմամբ անսպասելի եւ մեծ հետաքրքրություն էր արձանագրվել: Կինոդպրոցը կգործի Երեւանի Պարարվեստի ուսումնարանում, դասընթացները կկազմակերպվեն 3 ամիսը մեկ, անվճար հիմունքներով:

Նոյեմբերի 11-17-ը կինոդպրոցում առաջին workshop-ը կանցկացնի իրանցի ականավոր ռեժիսոր Աբաս Քիառոստամին, որը միջազգային տարբեր մրցանակների դափնեկիր է, workshop-երի անցկացման 10-ամյա փորձ ունի: Նա Հայաստան է ժամանել իր 10 լավագույն ուսանողների հետ, եւ հատուկ ձեւաչափով կաշխատի ոչ միայն հայ, այլեւ Վրաստանից եւ Թուրքիայից ժամանած ռեժիսորների հետ:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա ընդգծեց, որ իր գերնպատակը անկախ կինոյի ստեղծումն է:

«Կինոն պետք է ֆինանսական կախում չունենա եւ հենվի մտքի եւ գաղափարի վրա: Դա շատ դժվար է: Հայաստանում Սեւծովյան ավազանի եւ կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների կինոդպրոց հիմնելու միտքը, կարծում եմ, շատ հետաքրքիր է, քանի որ տարածաշրջանի կինոռեժիսորները կկարողանան համագործակցել եւ ստեղծել մի կինո, որը ամբողջովին տարբերվի այսօրվա համաշխարհային կինոյից»,-ասաց նա: Հռչակավոր կինոռեժիսորը մտադիր է այս դասընթացների ժամանակ պատրաստել կարճամետրաժ ֆիլմեր եւ դրանք ներկայացնել տարբեր կինոփառատոններում:

ՀՀ Ագային կինոյի կենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացնեց, որ արդեն ներկայացվել է 50 հայտ: «Ա1+»ի հետ զրույցում նա նաեւ հայտնեց, որ շուտով Հանրային հեռուստաընկերությամբ կհեռարձակվի մանկական երգիծական 2-3 րոպեանոց 12 ֆիլմ, ուսանողների համար կգործի նաեւ այսպես կոչված դեբյուտային ծրագիրը, որը նրանց հնարավորություն կտա մասնակցել ֆիլմերի նկարահանման պրոցեսին :

«Նոր նախաձեռնությունների թվում են նաեւ մարզերում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ռեժիսորների եւ դերասանների պարբերաբար այցերը սահմանամերձ գյուղեր եւ շարժական կինոթատրոնի գործարկումը»,- ասաց նա: Արդյո՞ք կինոդպրոցի ուսանողների աշխատանքերը կսպառվեն հայկական կինոարտադրության շուկայում` «Ա1+»-ի հարցին նա պատասխանեց.

«Մեր հիմնական սպառողը պիտի լինի հեռուստատեսությունը, որը, ցավոք, գործում է միայն կոմերցիոն սկզբունքով: Հայաստանում կինորատադրության շուկան զրո է: Մենք, սակայն, որոշել ենք աշխատել պայմանագրային հիմունքներով` առաջարկելով ֆիլմերի ցուցադրման առաջին իրավունքը»,-ասաց նա: Իսկ որպեսզի նոր սերունդը կրիմինալ սերիալները չգերադասի լավորակ ֆիլմերից, Գեւորգ Գեւորգյանը առաջարկեց իր դեղատոմսը. «Ելքն այն է,որ այդ սերիալների ցուցադրման ժամին լավ հաղորդումներ ցուցադրվեն»: