Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՈՒ ՎԱՐԿԱԾ. ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏՈՒԺՈ՞Ղ, ԹԵ՞....

Մարզեր


Երեկ ժամը 14.00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի մեքենային երկու կողմից հարվածել էին անհայտ մակնիշի մեքենաներ ու հեռացել:


«Մերսեդես» մակնիշի մեքենան պատկանում է գյումրեցի Արտյոմ Գ-ին «Չախկալ» մականունով, ում եղբայրը՝ Մկրտիչ Մելոյանը, մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ: Վերջինիս հանդեպ հարուցված է քրեական գործ, եւ վթարի օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատալսումն էր կայանալու:


Դատավարությանը մասնակցող վկաների ներկայությունը ապահովելու նպատակով Արտյոմ Գ-ն իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով որոշել է վերջիններիս հասցնել դատարան: Ուղեւորվել է նրանց հետեւից, ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը:


Ըստ փաստաբան Վահե Գաբրիելյանի. «Նշված ավտոն իմ պաշտպանյալի եղբոր անձնական ավտոմեքենան է, որով նա պիտի գնար վկաներ բերեր ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ որոշակի ցուցմունքներ տային, բայց ճանապարհին վթար է տեղի ունեցել, եւ նրանց տարել են ոստիկանական բաժին»


Ըստ նրա` իրականում վթար չի եղել, «Մերսեդես» մակնիշի մեքենային երկու կողմնից հարվածել են ոստիկանական մեքենաներ: Փաստաբանը հավաստում է, որ դրանում դիտավորություն կա, նպատակն էր դատալսմանը կանխել վկաների մասնակցությունը:


Վկաների չներկայանալու պատճառով էլ դատը հետաձգվել է: Փաստաբանի հավաստմամբ ոստիկանները ծեծել ու ձերբակալել են այդ պահին մեքենայում գտնվող երկու անձանց:


Գյումրիի «Ցայգ» հ/ը

ՔԱՐՇ Է ՏՎԵԼ ՈՍՏԻԿԱՆԻՆ


Ոստիկանության վարկածը


Նոյեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել Սուսաննա Ա.-ից, որ ոմն Արտյոմ` «Չախալ» մականունով, սպառնացել է աղյուսով սպանել իրեն, եթե ինքը չգնա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ամբաստանյալ, նախկինում 2 անգամ դատված Մկրտիչ Մելոյանի օգտին սուտ ցուցմունք տա:


Ըստ ոստիկանության ամփոփագրի` նույն օրը, ժամը 13.30-ին, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Տերյան եւ Մուսայելյան փողոցների խաչմերուկից փորձել է բերման ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արտյոմ Գ.-ին` «Չախալ» մականունով, եւ Մ. Մելոյանին:


Վերջիններս դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ Մ. Մելոյանը իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ոստիկաններից մեկին Մուսայելյան փողոցով մոտ 20 մետր քարշ է տվել եւ աջ ձեռքի ու ոտքի մասերում պատճառել վնասվածքներ, որից հետո նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի ու բախվել մեկ այլ ոստիկանի պատկանող «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի:


Այդ պահին ոստիկաններից մեկը իրեն ամրացված «Մակարով» տիպի հաշվեցուցակային ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ` կանխելով Մ. Մելոյանի անօրինական գործողությունները:


Արտյոմ Գ.-ն եւ Մկրտիչ Մելոյանը բերման են ենթարկվել ոստիկանության Գյումրիի 2-րդ բաժանմունք:


Նշանակվել է փորձաքննություն:


Կատարվում է նախաքննություն: