Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՆԻԿԱՆ ԿՀԱՂԹԵՐ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ «ԵՎԱՐՏԵՍԻԼ»-Ո՞ւՄ

Մշակույթ

«Ձայնը շատ լավն էր, բայց կատարումը կարծես թե մանկական չէր: Նրա ձայնը մի քիչ մեծական էր եւ եթե մեծերի «Եվրատեսիլին» մասնակցեր, ապա առաջին տեղը հաստատ կգրավեր»,- այս կարծիքին է տնային տնտեսուհի Անահիտ Սարգսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հավանել է «Մանկական Եվրատեսիլ-2008» 6-րդ միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող 13-ամյա երգչուհի Մոնիկա Մանուչարովայի կատարումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Կիպրոսում տեղի ունեցած «Մանկական եվրատեսիլ»-ն անցկացվեց «Ուրախություն արեւի տակ» խորագրի ներքո: Մեր հայ մասնակիցն հանդես եկավ 2-րդ համարի տակ իր՝ «Իմ երգի հնչյունը» երգով եւ գրավեց 8-րդ տեղը: Առաջին հորիզորականը զբաղեցրեցին Վրաստանի ներկայացուցիչները, 2-րդ տեղում` Ուկրաինան էր, իսկ 3-րդում՝ Լատվիան: «Իմ երգի հնչյունը» երգի երաժշտության հեղինակն ինքը՝ Մոնիկա Մանուչարովան է: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ-2008»-ին մասնակցեցին մինչեւ 18 տարեկան 16 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցում էր 2-րդ անգամ:

Մեր հարցմանը մասնակից մյուս քաղաքացիները միահամուռ այն կարծիքին էին, որ Մոնիկա Մանուչարովան ուներ շատ լավ ձայն, լավ կատարեց երգը, սակայն ոչ միայն երգն էր մեծական, այլեւ ձայնի տեմբրը: «Ճիշտն ասած՝ նրա կատարումն ինձ շատ գոհացրեց, սիրտս էլ ցավեց նրա համար, որ 8-րդ տեղը գրավեց, բայց ինձ թվում է՝ վրացիների համարն ավելի մանկական էր, քան մերը»,- կարծում է մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Գեւորգյանը:

Մոսկվայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննայի կարծիքով՝ մրցույթի համար կարելի էր ավելի աշխույժ ու մանկական երգ ընտրել, ինչպես նաեւ՝ հանդես գալ տարազներով կամ առավել հայկական բեմականացում սարքեին:

«Այդ դեպքում ամեն ինչ շատ սիրուն կլիներ: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է եւ մյուս անգամ անպայման հաղթելու ենք»,- կարծում է նա:

10-ամյա Մարիամ Տիտանյանին իր հասակակցի կատարումը շատ դուր էր եկել, սակայն, իր ասելով, նախորդ տարվա «Արեւիկցիների» երգի նման չի կարող այն հիշել ու կատարել: «Արեւիկ»-ն իր «Երազանք» երգով գրավել էր երկրորդ տեղը «Մանկական եվրատեսիլում»:

Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պատասխանատու եւ «Մանկական եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավար Նարեկ Ադոնցը մեզ հետ զրուցում նշեց, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսից այսօր վերադարձել է առավոտյան ժամը 08:00-ին:

Արդյոք հայ պատվիրակությունը գո՞հ է արդյունքներից՝ մեր հարցին, Նարեկ Ադոնցը պատասխանեց.

«Մենք առաջին տեղի համար էինք պայքարում, իսկ մնացած տեղերն այդքան էլ չեն տարբերվում մեկը մյուսից: Այդ իմաստով, բնական է, երեխայի տրամադրությունը մի քիչ պետք է ընկներ: Ինչ վերաբերում է ելույթին, ապա շատ գոհ էինք: Նրանք, ովքեր նայել են մրցույթը, կհաստատեն, որ Մոնիկան փայլուն էր երգել, մենք դժգոհելու տեղ չունենք»,- ասում է Ադոնցը:

Իսկ քաղաքացիների այն դժգոհությունները, որ Մոնիկայի ձայնն ու երգը մեծական էին, նա պատասխանեց. «Սա ժողովրդի ընտրությունն է եղել»: Ադոնցի կարծիքով՝ Վրաստանի երգը հաղթեց, քանի որ այն ամենամանկականն էր: «Նրանք ամենափոքրահասակ մասնակիցներն էին՝ երեքն էլ 10 տարեկան: Սա մանկական երգի մրցույթ էր եւ իմ կարծիքով՝ նրանք շատ արժանի էին հաղթանակի, բոլոր մնացածից շատ»,- կարծում է նա: Ինչ վերաբերում է լրագրողների հետ Մոնիկայի առաջիկա հանդիպումներին ու համերգներին, ապա Նարեկ Ադոնցը տեղեկացրեց, որ դեռ ոչինչ չեն որոշել: