ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵՑ ԴՐԱԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պետեկամուտների կոմիտեի Վանաձորի հարկային տեսչության նոր շենքի բացման առիթով Վանաձոր էին այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ:
Վանաձորի հարկային տեսչության շենքի շինարարական աշխատանքները տեւել են 2007թ-ի հոկտեմբերից 2008-ի նոյեմբերը: Աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 200մլն դրամ, եւս 59մլն դրամ ծախսվել է արտաբյուջետային միջոցներից: Շինաշխատանքներն իրականացրել է «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ը: Շենքը եռահարկ է, ունի 1620քմ տարածք, ապահովված է ջեռուցման, անվտանգության ազդանշանային համակարգերով եւ համակարգչային ցանցով;
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագա տեղեկացրեց, որ հունվարից Սպիտակի շրջանի հարկային տեսչությունը կմիավորվի Վանաձորի տեսչության հետ, իսկ Սպիտակում կգործի միայն սպասարկման բաժինը: Մեկ նորամուծություն եւս. տեսչությունը առաջիկայում կանցնի էլեկտրոնային կառավարման, ինչը, ըստ նրա կթեթեւացնի եւ կպարզեցնի հարկատուների հետ կապված գործընթացները:
Իսկ իր խոսքում Վարչապետ Տիգրան Սարգսյանն նշեց. « Գաղտնիք չէ, որ կուտակված պրոբլեմները ձեւավորում են անվստահության մթնոլորտ հարկային, մաքսային համակարգերի նկատմամբ եւ մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասարակությունը վստահի մեզ, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է վստահի պետության համար 1 ներկայացուցչին՝ հարկային տեսուչին: Որքանով որ հարկային տեսուչը պարկեշտ, օրենքի սահմաններում կիրականացնի իր լիազորությունները, այդքանով կլինի վստահություն պետության նկատմամբ...»:
Անդրադառնալով արված եւ սպասվող բարեփոխումներին, վարչապետը նշեց. « Ամփոփելով 2008-ի միջոցառումների ծրագիրը, արձանագրում ենք, որ խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ, բավականին բարդ ու ծանր էին: Ծրագրում նշված խնդիրների մի մասը մենք ստիպված եղանք հետաձգել 2009թ-ին իրականացնելու համար, քանի որ դրանց լուծումը պահանջում է ոչ միայն հարկային տեսուչների մտածողության փոփոխություն եւ նոր գիտելիքների ձեռքբերում, այլ նաեւ հարկային տեսուչի եւ ձեռներեցի փոխհարաբերությունների փոփոխություն: Դա նշանակում է, որ ձեռներեցները եւս պետք է պատրաստ լինեն փոփոխությունների, իսկ փոփոխությունները երբեմն հեշտ չեն տրվում...»:
Ավելի ուշ հյուրերը շրջեցին տեսչության շենքում, ծանոթացան պայմաններին, իսկ վարչապետը նաեւ զրուցեց աշխատակիցներից մի քանիսի հետ եւ նրանց գիտելիների մակարդակը գնահատեց այսպես. «Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, դրական եմ գնահատում մասնագետների պատասխանները. ակնհայտ է, որ նրանք տիրապետում են աշխատանքին»:
Նշենք, որ Վանաձորի հարկային տեսչության նորանշանակ պետը Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է:
Գայանե Սարգսյան
Վանաձոր