ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ԽՆԴԻՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը Ալավերդու տարածաշրջանի որոշ դպրոցների համար լուրջ խնդիր է դարձել։
Ուսուցիչները վարձատրվում են ըստ աշակերտների թվի, իսկ դպրոցների մի մասում նրանց թիվը գնալով` պակասում է։ Ալավերդու թիվ 5 դպրոցում, օրինակ, որտեղ կա 212 աշակերտ եւ 36 ուսուցիչ, աշխատավարձերի բարձրացում չեն կարողանում կատարել նույնիսկ նվազագույն՝ 20 տոկոսի չափով։ Ըստ դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանի՝ աշխատավարձերի 17 տոկոսով բարձացման դեպքում անգամ դպրոցը տարեկան շուրջ 3 միլիոն դրամի պակասորդ կունենա։
Ըստ դպրոցի տնօրենի՝ խնդիրը միայն մի ճանապարհով կարող է լուծվել. դպրոցի 36 մանկավարժից առնվազն 10-12-ը պետք է կրճատվեն։ Սակայն մարզպետարանի կրթության վարչության ավագ մասնագետ Էմիլ Այբեկյանը նշում է, որ կրճատումների մասին, գոնե մինչեւ ուսումնական տարվա ավարտը, խոսք անգամ լինել չի կարող։
Վերը նշված իրավիճակում են հայտնվել նաեւ տարածաշրջանի եւս 3 դպրոց. Ալավերդու համար 7, Հաղպատի եւ Ջիլիզայի դպրոցները։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ