ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին
Գյումրիի ոսկյա իրերի եւ մի քանի շուկաներում առքուվաճառքով զբաղվողները դժգոhում են վարձավճարների չափից` դիմելով մարզային իշխանություններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հարկային տեսչությանը:
Մասնավորապես՝ ոսկյա իրերի առքուվաճառքով զբաղվողները նախ դիմել էին հարկային տեսչություն: Այնտեղ ասել էին, որ այդ վարձավճարը սահմանված է որպես տեղական տուրք, այսինքն՝ այն պետք է փոխանցվի տեղական բյուջե: Իսկ օրենքով սահմանված է, որ տնտեսավորող յուրաքանչյուր սուբյեկտ ամսական պետք է վճարի 50 հազար դրամ: Ընդ որում` Ավագանուն թույլ է տրվում մինչեւ 1,5 գործակից կիրառել: Այսինքն` օրենքը թույլատրում է այս մարմնին վարձավճարը բարձրացնել մինչեւ 75 հազար դրամ: Առեւտրականներին ընդունել եւ լսել է Գյումրիի քաղաքապետը: Վերջինս ընդունել է նաեւ նախկին 2-րդ դպրոցի տեղում գործող շուկայի առեւտրականներին: Նրանցից տեղեկացանք, որ այստեղ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանվել է 9 հազար դրամ օրական վճար:
Իսկ «Պինգվին» ՍՊԸ -ի հետ համագործակցողներն էլ ասում էին, թե յուրաքանչյուրից որպես ամսավճար է պահանջվում 200 -ից 250 հազար դրամ՝ կախված կենտրոնական շուկայից եղած հեռավորությունից: Գյումրիի քաղաքապետը նրանց առայժմ ոչ մի պատասխան չի տվել, թե խնդրին ինչ լուծում կտրվի: Քաղաքապետարանը դեռեւս լուռ է մնացել նաեւ մեր լրագրողների հարցադրումների ժամանակ: Մամլո քարտուղարը նշել է, որ ինքն առայժմ տեղյակ չէ քաղաքապետի որոշմանը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ