ԿՍՊԱՍԵՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԼՈՒՐԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր տարադրամի փոխանակմամբ զբաղվողները նորից իրենց «դարդ ու ցավին դարման անելու» հույսով հանդիպել են Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ վերջերս ոստիկանության աշխատակիցների կողմից եղել էր խիստ զգուշացում, որ այսուհետ նրանք որեւէ իրավունք չունեն զբաղվելու դրամափոխանակությամբ, քանի որ նրանց գործունեությունն անօրինական է: Տարադրամի փոխանակմամբ զբաղվողների խոսքերով, եղել են նաեւ սպառնալիքներ, որ եթե նրանք չենթարկվեն իրավապահ մարմիններին, վերջիններս ուժային միջոցների դիմելով՝ կպարտադրեն:
Տարադրամի փոխանակմամբ զբաղվողներին մարզպետարանում կայացած վերջին հանդիպման ժամանակ պատասխանել էին, թե հարցը կքննարկվի, կվերլուծվի եւ հնարավորության ներածին չափով լուծում կտրվի:
Նրանք էլ իրենց հերթին առաջարկել էին խնդրի լուծման հավանական տարբերակներ՝ հավաստիացնելով, որ իրենք որեւէ կերպ դեմ չեն աշխատել ու գործել հարկային դաշտում. միայն թե մուծվող գումարը լինի տրամաբանությանը մոտ:
Նրանց առաջարկվել է նաեւ հավաքվել եւ գործունեություն ծավալել փակ տարածքում, իրավական գրանցում ստանալուց հետո:
Սակայն սա դրամափոխանակությամբ զբաղվողների համար, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու տարբերակ չէ:
Այսօր փոխմարզպետի հետ հանդիպելուց հետո էլ խնդիրը կրկին մնաց անպատասխան. սակայն նրանք հեռացան որոշակի ակնկալիքներով: Իսկ մինչ այդ Շիրակի փոխմարզպետը նրանց խորհուրդ տվեց խնդրով դիմել նաեւ քաղաքապետարանին. գուցե մի բանով էլ այնտեղ օգնեն: Աշխատանքի այլընտրանքային տարբերակ չունեցող գյումրեցի 50-60 դրամափոխանակողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքներն իրենց բազմաթիվ հոգսերով, կենցաղային տարատեսակ ծախսերով ստիպված են համբերել եւ սպասել մինչեւ Երեւանից մի «խաբար» լինի:
Գյումրիի «Ցայգ»