ԲՈՂՈՔԻ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՑԻԱ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ
Գյումրիում տարադրամի փոխանակմամբ զբաղվողները դարձել են մարզպետարանի եւ մասնավորապես փոխմարզպետի ամենօրյա հյուրերը: Նրանք ամեն օր գալիս են մարզպետարան այն ակնկալիքով, որ հաջորդ առավոտյան իրենք տանից դուրս գալով քայլերը կուղղեն իրենց աշխատանքային վայրը՝ կենտրոնական շուկա:
Հիշեցնենք, որ երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել էին առկա խնդիրները, հնարավոր լուծման տարբերակները, սակայն այդպես էլ հարցին վերջնական պատասխան չէր տրվել: Մարզպետը Երեւանում էր, եւ այնտեղից էր սպասվում սպասված պատասխանը: Վերջապես այն ստացվեց, որն առեւտրականներին այսօր փոխանցեց Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը.
«Եկել ենք այն եզրահանգմանը, որ ձեր աշխատանքը պետք է կանոնակարգվի, դուք պետության հանդեպ ունեք բյուջեի հետ կապված տարբեր պարտականություններ, խնդիրներ, որոնք պետք է օրենքով ամրագրվի: Քանի որ դուք այսօր գործող կարգի համաձայն որոշակի ապօրինության շրջանակներում եք աշխատում, օրենքը թույլ չի տալիս, բայց դուրս գալով այն հանգամանքից, որ դուք մեր քաղաքի բնակիչներն եք, յուրաքանչյուր մարդ այդտեղ կանգնելով օրվա, հացի խնդիր է լուծում, մենք փորձում ենք, որ առաջիկա 10-15 օրվա մեջ ձեր աշխատանքային կարգավիճակի հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանանք»:
Այսինքն, տարադրամի փոխանակմամբ զբաղվողներն առայժմ կարող են աշխատել, հավանաբար նրանց անհանգստացնողներ չեն լինի: Հարցի վերջնական լուծման համար կա ընդամենը երկու տարբերակ՝ կամ նրանք պետք է աշխատեն փակ տարածքում իրավական գրանցում ստանալուց հետո, կամ էլ 50-60 դրամափոխանակողներ պարզապես կհամալրեն մարզի գործազուրկների հոծ բանակը:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ
Շիրակի մարզպետարանը փետրվարի 3-ին բողոքների եւ աղմուկի պակաս չի զգացել: Մեկ բողոքի ակցիային հաջորդել է մյուսը: Տարադրամի փոխանակմամբ զբաղվողների ակցիային հաջորդել է անհատ տաքսիների վարորդներինը: Նրանք բողոքում են, որ իրենցից պահանջվող գումարները պարզապես աստղաբաշխական են՝ ամսական 20.000 դրամ հարկային մուծում, դեղին համարանիշներ:
Ավելին՝ այսուհետ յուրաքանչյուր տաքսի ունենալու է ուղերթի հաշվիչ մեքենա, որն արժե 60.000 դրամ: Այս հարցի հետ կապված կառավարությունը որոշակի զիջումների է գնացել՝ հաշվիչ մեքենան ցանկության դեպքում կտրամադրվի ապառիկ՝ մեկ տարի ժամկետով: Վարորդները տարեկան գումար են մուծում նաեւ տեխզննման համար: Այս ամբողջին գումարվում են ավտոպահեստամասերի եւ վառելիքի համար ծախսվելիք գումարները: Վարորդներն ասում են՝ այս տարատեսակ մուծումներից հետո իրենց եկամուտը կոպեկներով կհաշվվի:
Փոխմարզպետն այս բազմաթիվ հարցերին առայժմ չկարողացավ տալ որեւէ պատասխան, քանի որ իր ձեռքի տակ չկա որոշում ու հրահանգ:
Որքան տեղյակ են վարորդներ՝ փետրվարի 4-ից ճանապարհային ոստիկանությունը հարկային տեսչության աշխատակիցների հետ շրջելու է քաղաքում եւ արդեն լինելու են տուգանվողներ: Սակայն ինչպես տեղեկացանք Գյումրիի ճանապարհային ոստիկանությունից , առայժմ այս ուղղությամբ իրենց չի եղել ոչ մի հրահանգ կամ որոշում:
ԻՆՉ ԿԱՍԻ ՏԻԿԻՆ ՆԱՆՅԱՆԸ
Փետրվարի 3-ին Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանին իրենց դժգոհություն են ներկայացրել «Թերեզա - Գեւորգ» ՍՊԸ տարածքում առեւտրով զբաղվողները: Այս հանդիպմանը մասնակցել է նաեւ կազմակերպության տնօրինության ներկայացուցիչը, ով միանշանակ բացառել է վարձավճարների նվազեցման տարբերակը եւ առաջարկել հաջորդ քննարկմանը հրավիրել նաեւ Գյումրու հարկային տեսչության ներկայացուցչին:
Արդեն մի քանի օր է, ինչ նախկին 2-րդ դպրոցի տարածքում գործող շուկայում առեւտուր չի իրականացվում: Տնտեսվարող սուբյեկտներն են հրաժարվել՝ իրենց իսկ բնորոշմամբ, ինչպես պետության, այնպես էլ կազմակերպության տնօրինության սահմանած բարձր հարկերի պատճառով: Նրանք ցանկանում են, որ ընկերության տնօրինությունը յուրաքանչյուրից 10 հազարական դրամով նվազեցնի վճարումների չափը: Տնօրինությունից հանդիպմանը ներկա ներկայացուցիչը միանշանակ բացառեց այդ տարբերակի հնարավորությունը, պատճառաբանելով, որ առանց այդ էլ ողջ հաշվապահությունը տնօրինությունը վերցրել է իր վրա ու առեւտրականներին ընդառաջ գնալու դեպքում կաշխատի վնասով: Ինչպես տեղեկացանք կազմակերպության տնօրեն Մարգարիտա Պողոսյանից, տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուր ամիս մինչ դժգոհությունները գանձվել է 33 հազ. մինչեւ 55 հազար դրամ՝ կախված զբաղեցրած մակերեսից: Իսկ այս խուճապն առաջացել է վերջին ժամանակներս առեւտրի ծավալների կտրուկ նվազման պատճառով:
Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը խոստացավ այս հանդիպման մանրամասները ներկայացնել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին:
ԻՍԿ ՊԱՅՄԱՆՆԵ՞Ր
Բողոքել են նաեւ Գյումրիի Հաղթանակի պողոտայի տարածքում առեւտրով զբաղվողները: Համապատասխան զգուշացումներից հետո, քաղաքապետարանի ներկայացուցիչները նրանց ստիպողաբար հեռացրել են իրենց զբաղեցրած տարածքներից՝ տեղահանելով , այսպես ասած սեղանիկները, եւ առեւտրականներին ուղորդելով դեպի կենտրոնական շուկա:
Ի պատասխան առեւտրականների վրդովմունքի` պաշտոնյաները նշում են, որ կատարում իրենց աշխատանքը, որը դեռ հունվարից պետք իրագործվեր: Տարածքի ազատումը առեւտրականները սխալ չեն համարում, սակայն գտնում են, որ դա պետք է անել համապատասխան պայմաններ ապահովելուց հետո: Շուկայում վարձավճարը թանկ է, իսկ իրենք չունեն այդքան հնարավորություն: Սակայն անհաղորդ վերամբարձ կռունկը տեղահանում էր այսպես կոչված սեղանիկները` զրկելով այս առեւտրականներին ապրուստի միակ միջոցից:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ