Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՍԵՎԱՑԵԼ Է

Մարզեր


Գյումրիի Երկաթգծի ավանի մի քանի փողոցներում բնակիչները երեք օր անընդմեջ ականատես են լինում հեքիաթներում հանդիպող երեւույթի: Խմելու ջրի ծորակներից սեւ ջուր է գալիս: Սակայն եթե հեքիաթներում բարի կախարդը դրանով պատժում է բացասական հերոսին, ապա այս թաղամասի բնակիչները զարմանում են, թե որն է իրենց մեղքը:


Բնակիչները հիշում են, որ այս երեույթի նախանշանները երեւացել են դեռեւս աշնանը: Սակայն այժմ աղտոտված ջուրը ծորակներից հոսում է երեք օր անընդմեջ: Իրենք սպասել են, թե առաջվա նման մեկ - երկու օրում ինքն իրեն կմաքրվի, սակայն այս անգամ ջուրը առավել պղտորվեց:


Խմելու ջրի աղտոտվածությունն առավել զգալի է Մեքենավարների եւ Արվելաձե փողոցներում: Թաղամասի խանութներում արագ սպառվում են բնական ու հանքային ջրի պաշարները, որոնք սակայն կենցաղային ամեն խնդիր չէ, որ լուծում են:


Այս օրերի ընթացքում թաղամասում հիվանդացության դեպքեր չեն գրանցվել, սակայն բնակիչներից մեկը տեսնելով, որ ջուրն օր օրի ավելի է պղտորվում՝ ամեն դեպքում դիմել է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, որի աշխատակիցները այցելել էին թաղամաս:


Պարզվեց՝ «Ջրմուղկոյուղին» եւս տեղյակ է խնդրին: Մասնագետները փորձում էին ջրագծի վթարի տեղը հայտնաբերել եւ պարզել՝ ջրի բաղադրությանը խառնվա՞ծ են ախտածին նյութեր:


Շիրակի մարզի Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Սոնյա Ոսկանյանը նշեց, որ ստուգել են ջրի բաղադրությունը եւ ըստ արդյունքների` խմելու ջուրը կոյուղաջրի հետ խառնված չէ:


«Շիրակ Ջրմուղկոյուղու» շահագործման ծառայության պետ Պարթեւ Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են ամբողջ թաղամասը, սակայն առայժմ վթարված հատվածը չեն հայտնաբերել: Ջրում առկա է մեխանիկական պղտորվածություն է, ինչը հաստատում է վթարի մասին եւ իրենք շարունակելու են այն հայտնաբերելու աշխատանքները: Գյումրիի «Ցայգ» ՀԸ