ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին
80-ականներին կառուցված Վանաձորի ճոպանուղին խորհրդային տարիներին գտնվում էր Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդի ենթակայության տակ : 2006թ-ին ճոպանուղին անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ՝ ավերված ու թալանված վիճակում:
ՎՔ ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանի խոսքերով՝ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ իրականացնել ճոպանուղու նորոգման աշխատանքները: Բացի այս, խնդիրը միայն ճոպանուղու վերագործարկումը չէ, հարկավոր է նաեւ հանգստի համար ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, ինչը մեծ ներդրումներ է պահանջում:
«Ճոպանուղին բարոյապես այնքան է հնացած, որ վերականգնելն անգամ հնարավոր չէ: Հարկավոր է նույն տեղանքում նորը կառուցել՝ նախկին հենասյուների մի մասը օգտագործելով: Ճոպանուղու վերակառուցումը համայնքային միջոցներով ուղղակի անիրատեսական է, ուստի խնդիրն անգամ Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրում ներառված չէ», - ասում է ՎՔ ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը:
Վանաձորի քաղաքապետարանը ճոպանուղու վերանորոգման կապակցությամբ գրություն է ներկայացրել նաեւ կառավարություն, առայժմ որեւէ արձագանք չի ստացվել: Քաղաքապետարանը փորձել է խնդրին լուծում տալ նաեւ այլըտրանքային ֆինանսավորման աղբյուրներով՝ հայտարարելով միջազգային մրցույթ: Գերմանական կազմակերպություններից մեկը, թեեւ հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն հստակ առաջարկ այդպես էլ չի ստացվել: ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետը հույս է հայտնում, որ կգտնվեն զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված գործարարներ, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել: