Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ՞»

Մարզեր


Գյումրիի Հանեսօղլյան 8 հասցեի բնակիչները ոչ միայն շարունակում են առաջվա նման յուրաքանչյուր օր սարսափի մեջ անցկացնել, այլեւ արդեն հույսերը կտրում են, թե որեւէ հրաշք իրենց կփրկի փլուզվող պատերի ու տանիքի վտանգից: Հանեսօղլյան 8 հասցեում գտնվող, այսպես կոչված, ֆոնդի տներում փլուզումները շարունակվում են:


19-րդ դարավերջին կառուցված այս տները 2004 թվականից սկսեցին փլուզվել, եւ մի քանի տարվա ընթացքում այստեղ բնակվող ավելի քան 20 ընտանիքից մնացել է 10-ը, որոնք այլ ապաստան չեն կարողանում գտնել: Խիստ վթարային այս շինությունն անհապաղ վերականգնման եւ ամրացման կարիք է զգում:


Խնդրին քաջատեղյակ են նաեւ պաշտոնյաները: Քաղաքապետի հանձնարարականով քաղաքաշինության բաժնի աշխատակիցները տեղում ուսումնասիրել են շինության վիճակը: Սեյսմիկ ծառայության մասնագետները տան վթարայնությունը գնահատել են չորրորդ աստիճանի, որտեղից հարկավոր է բնակիչներին անհապաղ դուրս բերել` կյանքի եւ առողջության ապահովության համար:


«Քաղաքացիները պետք է այդ տարածքից դուրս գան, որովհետեւ երաշխավորել, թե այսօր կամ վաղն այդ փլուզումները չեն շարունակվի, ոչ ոք չի կարող: Նրանք պետք է տարածքներ գտնեն, ժամանակավոր տեղավորվեն, մինչեւ շինության ամրացման հարցը լուծվի: Այսօր ասել, թե առայժմ մնացեք, տեսնենք` ինչ կլինի` սխալ է: Ոնց որ մարդկանց ճակատագրի հետ խաղաս, ցանկացած պահի կարող է փլուզվել», - այս կարծիքին է քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը:


Սակայն Հանեսօղլյան 8-ի բնակիչները նշում են, որ եթե ապրելու վայր ունենային, վաղուց հեռացած կլինեին:


Բնակիչները զարմանում են, որ դեռեւս երեք - չորս տարի առաջ քաղաքի վթարայինները հաշվառելիս իրենց խարխուլ եւ արդեն փլուզվող տները չընդգրկվեցին այդ ցուցակում: Իր զարմանքն է հայտնում նաեւ քաղաքաշինության բաժնի պետը՝ հավելելով, որ ինքն այդ հանձնաժողովում չի եղել եւ տեղյակ չէ պատճառին: Միայն կատարում է մեկ դիտարկում. հաշվառված 88 վթարայինների մեծ մասը գտնվում է գլխավոր փողոցների վրա: Խնդրի լուծման համար պարոն Կարապետյանը մատնանշում է մի քանի տարբերակ: Եթե բնակիչները ճանաչվեն անօթեւան, ապա նրանց բնակարան կհատկացվի, իսկ այս տան համար կարելի է գտնել ներդրում կատարողներ, ովքեր կցանկանան վերականգնել եւ օգտագործել իրենց կարիքների համար: Գումարն էլ կլրացնի քաղաքային բյուջեն: Հնարավոր է՝ խնդրին ուշադրություն դարձնի նաեւ կառավարությունը: Միայն թե դրա համար բնակիչները պետք է հիմնավորված նամակ հղեն վարչապետին` մանրամասն նկարագրելով իրենց ամենօրյա տագնապալից վիճակը: «Հավանաբար կօգնեն, կառավարությունը հո մեր ժողովրդի թշնամին չէ, ոնց էլ լինի, կմտնեն մարդկանց վիճակի մեջ», - ենթադրում է քաղաքաշինության բաժնի պետը:


Հանեսօղլյան 8-ի բնակիչները կարծում են, որ նրա առաջարկած երկու տարբերակն էլ երկար ժամանակ կպահանջի, իսկ իրենց տները փլուզվում են առավել մեծ արագությամբ:


Գյումրիի « Ցայգ»ՀԸ